Պարտադիր ավտոապահովագրության (ԱՊՊԱ) նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նպատակով ՀՀ ճանապարհային ոստիկանությունը եւ ԱՊՊԱ համակարգը փետրվարի 1-ից պետք է տվյալներ փոխանակեն։ Համապատասխան որոշման նախագիծը Կենտրոնական բանկի կողմից ներկայացվել է կառավարության հաստատմանը։ Հարցը կքննարկվի հունվարի 13-ի նիստում։
Այսպես՝ ոստիկանությունը պետք է ԱՊՊԱ համակարգին տեղեկություններ փոխանցի ավտոճանապարհային պատահարների վերաբերյալ, իսկ ԱՊՊԱ համակարգից տվյալներ ստանա ապահովագրած մեքենաների վերաբերյալ։ Սա նշանակում, է, որ մեքենայի համարանիշը մուտքագրելով տվյալների բազա՝ ոստիկանական տեսուչը կտեղեկանա, թե տվյալ մեքենան ե՞րբ եւ որտե՞ղ է ապահովագրվել։
Ըստ մեր տեղեկությունների՝ ներկա դրությամբ բավական մեծ է կեղծված ապահովագրական կտրոնների կիրառումը։ Ապահովագրական կտրոնները, որ մեծամասամբ կապույտ գույնի են, պաշտպանվածության շատ թույլ մակարդակ ունեն, ուստի դրանք կարելի է կրկնօրինակել նույնիսկ որակյալ քսերոքսի ապարատով, ինչից էլ օգտվում են մեր շատ համաքաղաքացիներ։ Առայժմ ճանապարհային ոստիկանությունն ի զորու չէ ստուգել կտրոնների իսկությունը, քանի դեռ մուտք չունի հատուկ տեղեկատվական ցանց։ Հնարավոր է՝ ցանցի գործարկումից հետո էլ խնդիրները չվերանան, քանի որ ճանապարհային ոստիկանության ոչ բոլոր մեքենաներն ունեն նեթբուքեր։




























