Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չի մասնակցել «Հրապարակ» օրաթերթում նկարագրված խնջույքին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովսեփյանի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։  

«Որոշ լրատավամիջոցներ զբաղված են լուրեր հորինելով եւ զրպարտելով, ինչը լուրջ մտածելու տեղիք պետք է տա հենց լրագրողական համայնքին։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չի մասնակցել «Հրապարակ» օրաթերթում նկարագրված խնջույքին, ոչ էլ տեղյակ է՝ նման խնջույք տեղի՞ է ունեցել, թե՝ ոչ»,- նշեց Տռուզյանը:

Նշենք, որ ըստ թերթի տեղեկությունների, «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած մի տոնախմբության ժամանակ մասնակիցները դուրս են եկել բակ, ոմանք հանել են զենքերը եւ սկսել են կրակել: Այդ ամենն, ըստ «Հրապարակ»-ի, տեղի է ունենում հենց գլխավոր դատախազի աչքի առաջ: