Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց Կարո Եղնուկյանի վատառողջ լինելու պատճառով:

Նշենք, որ «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի առողջական վիճակը կտրուկ վատանում է դատարան ներկայանալիս, եւ արդեն բավական երկար ժամանակ նա չի կարողանում մասնակցել դատական  նիստերին:

Հաշվի առնելով ստեղծված հանգամանքը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը 2 շաբաթ առաջ հայտարարեց, որ դատարանի նախաձեռնությամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակում Կարո Եղնուկյանի նկատմամբ` նրա առողջական վիճակի վատացման պատճառները պարզելու նպատակով:

Դատաբժշկական փորձաքննությունը տեղի կունենա այսօր` «Էրեբունի ԲԿ»-ում:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, որպեսզի կարողանա մասնակցել դսատաբժշկական փորձաքննությանը:

Հաջորդը դատական նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանն առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, գործի նրա մասով նոր դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը։