ԱՄՆ դեսպանության 2018թ. Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, որն ընթանում է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո, ապրիլի 27-ից մայիսի 3-ը «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնի 13 ամերիկյան վավերագրական լիամետրաժ ֆիլմ: Ինչպես անցած տարի, այս անգամ եւս այս փառատոնը չի եզրափակվում միայն ֆիլմերի ցուցադրմամբ, այլ նաեւ նախատեսվում են վարպետության դասեր հայ երիտասարդ կինոգործիչների համար:
Այս տարի դասընթացը ֆիլմերի տեսաէֆեկտների մասին է եւ դրանք կվարի տեսաէֆեկտների ամերիկացի մրցանակակիր վարպետ Դարիուշ Դերախշանին:
«Ուզում ենք քաջալերել հայկական պատմությունների ներկայացումը հայ կինոարտադրողների կողմից՝ թե տեղի եւ թե՛ արտերկրի հանդիսատեսի համար: Այդ իսկ նպատակով մենք հրավիրում ենք ամերիկյան լավագույն գործիչներին, որպեսզի նրանք Հայաստանի կինոարտադրողների հաջորդ սերնդին ներկայացնեն ոլորտի լավագույն փորձը եւ հաղորդակից դարձնեն իրենց գաղափարներին ու ներշնչանքին», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Անվճար վարպետության դասերը, որտեղից մասնակիցները կհեռանան գործնական հմտություններով զինված, տեղի կունենան ապրիլի 28-ից մայիսի 4-ը: Տեղերը սահմանափակ են, սակայն դիմել կարող են հետաքրքրված մասնագետները: Դիմումներն ընդունվում են առցանց մինչեւ ս.թ. ապրիլի 15-ը հետեւյալ հղմամբ՝ https://goo.gl/vsskAc:
Դերախշանին բնակվում է Լոս Անջելեսում, նա տեսաէֆեկտների եւ համակարգչային գրաֆիկայի մասնագետ է, ով հայտնի է «Ապոկալիպտո», «ՌԷԴ», «Ֆանտաստիկ քառյակը» եւ մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում կատարած իր աշխատանքով: Նա աշխատել է բազմաթիվ գովազդային հոլովակների եւ հիթ դարձած «Սաութ փարք» հեռուստաշոուի շուրջ: Նա նաեւ հարգված դասախոս է եւ ներկայումս դասավանդում է Հարավային Կալիֆորնիայի կինոդպրոցում: Նա հեղինակել է մի շարք գրքեր,, որոնք դարձել են բեսթ-սելերներ, որոնց մեծ մասում նա անդրադառնում է համակարգչային անիմացիայի Maya ծրագրային ապահովման հարթակին:
Մեկ շաբաթ տեւող վարպետության դասերից զատ Դերախշանին նաեւ հանդես կգա մեկ-երկու բաց դասախոսությամբ՝ խոսելով կինոարտադրության հրաշքների մասին:
Կինոցուցադրումներ
«Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո ընթացքող 2018թ. Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը ներկայանում է 13 վավերագրական ֆիլմով: Ցուցաշարը մեկնարկում է ապրիլի 27-ին ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում «Անծանոթների երաժշտությունը» ֆիլմի ցուցադրմամբ: Ֆիլմը պատմում է, թե ինչպես աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի քաջալերանքով տարբեր երկրներ ու տարբեր երաժշտական ոճեր ներկայացնող երաժիշտներ, միավորվելով «Մետաքսի ճանապարհ» նվագախմբում, կատարեցին մի համարձակ երաժշտական էքսպերիմենտ: Նվագախմբի անդամները երաժշտության միջոցով վերհանում են մարդկությանը միավորող կապերը:
Հաջորդիվ, ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 3-ը, ամեն օր ժամը 17:00-ին եւ 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կշարունակվեն անվճար կինոցուցադրումները: Էկրան կբարձրանան հետեւյալ ֆիլմերը. «Մելե որմնանկարներ», «Ֆլոյդ Նորման. անիմացիոն կյանք», «Լողի թիմ», «Ատաքսիա», «Դերերով փոխված», ««Եթե» նախագիծ», «Իրադարձություն», «Ագարակատեր, ֆերմեր, ձկնորս», «Հզորացման նախագիծ», «Սուպերաղջիկ», «Ավագ դպրոց 911» եւ «Առավել քան գնահատականը»:



























