Այսօր՝ հունվարի 13-ին կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացրեցին Երեւանի Կոզեռն թաղամասի մի քանի տասնյակ քաղաքացիներ. Նրանք մեղադրում են հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին՝ իրենց տներից վտարելու փորձի մեջ։
Նշենք, որ 2004 թ. կառավարությունը Պռոշյան 1 փողոցի որոշ տարածքներ ճանաչել է որպես հանրային գերակա շահ։ Այսինքն՝ տները պետք է քանդվեն, եւ դրանց տեղում կառուցվեն էլիտար շենքեր։ Կապալառուն «Լոկալ Դիվելոփմենթ» ընկերությունն է, որը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին (նա «Հ2» հեռուստաալիքի ղեկավարն է)։ Տների քանդման գործընթացը հետաձգվեց, քանի որ Կոզեռնի բնակիչները բողոքի ակցիաներ անցկացրեցին նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով սեփականության իրավունք։ Նախագահ Սերժ Սարգսյանն այն ժամանակ անսաց նրանց խնդրանքին. թաղամասի բոլոր բնակիչները (մոտ 200 տուն) կարողացան իրենց հողերը եւ շինությունները սեփականացնել։ Սա նրանց էական առավելություն է տալիս կառուցապատողի հետ բանակցություններում։ Սակայն խնդիրն այն է, որ Ս. Մայրապետյանի առաջարկած գինը նրանց չի բավարարում. 1 քմ-ի համար միջինը 318 դոլար։
Կառավարության շենքի առջեւ հավաքված կոզեռնցիները վրդովված ասում էին, որ այդ գնի պարագայում ոչ մի դեպքում իրենց տներից դուրս չեն գա։ Նրանց պահանջը հետեւյալն է՝ կառուցապատողը պետք է համարժեք փոխհատուցում տա՝ ապահովի բնակարանով նույն տեղում, նույն մակերեսով։ Նրանց վրդովվեցնում էր նաեւ այն հանգամանքը, որ իրենց տների հարեւանությամբ գտնվող նորակառույց առանձնատները, որ պատկանում են «ՍԱՍ-ի Արտակին», «Արմենիա» հեռուսաընկերության գլխավոր խմբագիր Արտեմ Սարգսյանին եւ այլոց, իրացման գոտի չեն ճանաչվում։
«Համայքն եւ իրավունք» հ/կ-ի նախագահ Սամվել Մկրտչյանն ասաց, որ օրենքով կառուցապատողը պարտավոր է համարժեք փոխհատուցում տրամադրել, իսկ առաջարկած դրամային հատուցումը չի բխում բնակիչների շահերից։ «Մենք տուն վաճառող չենք»,- ասաց Ս. Մկրտչյանը։ Նրա կարծիքով՝ իսկապես թաղամասում կարիք կա կառուցապատման, սակայն չպետք է այնպես անել, որ Հյուսիսային պողոտայի նախադեպը կրկնվի՝ երբ մարդիկ ապօրինաբար դուրս մղվեցին իրենց տներից։
Ի դեպ՝ կառավարության նիստից հետո հավաքվածները աջակցություն խնդրեցին նաեւ Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանից։ Վերջինս ասաց, որ խնդրին դեռ ծանոթ չէ՝ ծանոթանալուց հետո կանդրադառնա դրան։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























