1990-ի հունվարին հայ  ժողովուրդը կորուստ ունեցավ ոչ միայն ի դեմս գազանաբար սպանված հարյուրավոր անմեղ մարդկանց, այլեւ վերջնականապես կորցրեց Հարավային Կովկասի հայկական քաղաքական հոգեւոր, մշակութային, տնտեսական կենտորններից մեկը` հայոց Բաքու քաղաքը: Հունվարի 13-ին  Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերի 21-րդ  տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով, սակայն, ադրբեջանահայերին հաջողվեց անել այն, ինչից խուսափում  եւ փախչում էր Ադրբեջանը, այն է` մոռացության տալ սեփական երկրում հայ քաղաքացիների նկատմամբ ցեղասպանությունը:

«Մեզ հաջողվեց վերակենդանացնել ադրբեջանահայության հիմնահարցը, որը բանալի է ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծման գործում եւ որից երկար տարիներ այդքան վախենում եւ խուսափում էր Ադրբեջանի հանրապետությունը»,-նշեց Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանահայերի համայնքի ներկայացուցիչը հաղորդեց նաեւ, որ իրենց հաջողվել է հանդիպման նախնական համաձայնություն ձեռք բերել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչի հետ: Հանդիպմանը նրանք քննարկելու են փախստականների վերադարձելիության սկզբունքի հարցը:

Նշենք, որ այսօր` հունվարի 13-ին, լրանում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված հայկական ջարդերի հերթական տարելիցը:

Հայաստանի միգրացիոն պետական ծառայության ու ՄԱԿ-ի տվյալներով Ադրբեջանից Հայաստան է ներգաղթել մոտ 418 հազար հայ։ Նրանցից 300 հազարն այս պահին էլ ապրում է Հայաստանում եւ կազմում է մեր երկրի բնակչության ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը։
Ինչպես նշեց Գրիգորի Այվազյանը, նրանք բոլորն էլ այսօր պատրաստ են վերադառնալ իրենց հայրենիք` Ադրբեջան: