ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Սիրիայի վերականգնման համար հատկացված 200 միլիոն դոլարը։ Այս մասին The Wall Street Journal պարբերականն է գրում՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Հինգշաբթի Թրամփը, ելույթ ունենալով Օհայոյում, հայտնել է, որ ԱՄՆ-ն շուտով դուրս կգա Սիրիայից ու «մյուսներին» է կոչ արել հոգ տանել տարածաշրջանում այս հակամարտության մասին» , -ասվում է նյութում։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տունն արդեն կարգադրել է Պետդեպարտամենտին սառեցնել դրամական միջոցների հատկացումը։ Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նախագահը լրատվամիջոցներում կարդացել է հաղորդագրություն այն մասին, որ Վաշինգտոնը պարտավորվել է լրացուցիչ 200 մլն դոլար վճարել Արաբական հանրապետության վերականգնման համար։

«Իր լիազորությունները վայր դրած պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստացել էր այդ գումարը փետրվարին Քուվեյթում կոալիցիայի նիստի ժամանակ, որպեսզի հաղթանակ տանի ԻՊ-ի հանդեպ»,- հավելում են թերթի աղբյուրները։

Պենտագոնում, ըստ պարբերականի, Թրամփին վստահեցնում էին, որ հիմա ԻՊ-ն կորցրել է հսկողությունը Սիրիայի ամբողջ տարածքի հանդեպ, բացառությամբ 5 տոկոս հողերի, սակայն ահաբեկիչների դեմ պայքարը վերջին փուլում փակուղի է մտել։ Պաշտոնյաներից մեկը  մտավախություն էր հայտնել, որ ահաբեկիչները կարող են դադարը օգտագործել վերախմբավորման ու կոալիցիային անսպասելի հարված հասցնելու համար։

Փետրվարի կեսերին Ռեքս Թիլերսոնը նախազգուշացնում էր, որ ԻՊ-ն կարող է ուժեղացնել դիրքերը Իրաքի ու Սիրիայի սահմաններից դուրս, դրա համար էլ ԱՄՆ-ն մտադիր է 3 մլրդ դոլար տրամադրել Իրաքի վերականգնման ու ևս 200 մլն դոլար՝ Սիրիայի կայունացման համար։ «Եթե Իրաքի ու Սիրիայի համայնքները չկարողանան վերադառնալ նորմալ կյանքի, կարող են նորից ստեղծվել այնպիսի պայմաններ, որոնք ԻՊ-ին հնարավորություն կտան գրավել ու վերահսկել հսկայական տարածքներ»,- պարզաբանել էր պետքարտուղարը ։

Սպիտակ տանը եւ Պենտագոնում չեն պարզաբանել Թրամփի հայտարարությունը Սիրիայից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու մասին