Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատուրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից ազատվել է Գեւորգ Կոստանյանը, ով մեկ այլ հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Ստորեւ ներկայացնում ենք նոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանի կենսագրությունը.
Գեւորգ Սուրիկի Կոստանյանը ծնվել է Երեւանում, 34 տարեկան է: 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գերազանցությամբ: 2002թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան եւ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտ է: Ատենախոսության թեման` «ՀՀ Ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը»: 2006թ-ից ուսումնառություն է անցել Մեժ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:
1995թ-ից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:
01.06.2001թ. նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում: 15.01.2003թ-ից մինչեւ 13.05.2004թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ապա` մինչեւ 14.03.2006թ., կրկին զբաղեցրել է նախարարի խորհրդականի պաշտոնը: 14.03.2006թ. մինչեւ 02.07.2008թ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնում:
18.02.2004թ-ից մինչ այժմ հանդիսանում է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
02.07.2008թ. հանդիսանում է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:
01.10.2002թ. մինչ այժմ դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում, գիտական թեման` «Արդար դատաքննության եւ անձի անձեռնմխելիության կոնվենցիոն դրույթների կիրառման ներպետական դատարանների հայեցողության շրջանակները»:
Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի: Անկուսակցական է: Տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզուներին: Մեկ տասնյակ գիտական հոդվածների եւ մենագրության հեղինակ է:





























