Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության ռուսական ստուգված օդանավի անձնակազմի կապիտան Վիտալի Միտրոֆանովը հայտնել է, որ բրիտանական իրավապահ մարմինների կողմից օդանավի անսպասելի ստուգումը կապված էր արգելված իրեր գտնելու հետ: Այս մասին Մետրոֆանովը հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում. նրա խոսքով՝ միայն իրեն են թույլ տվել ներկա լինել ստուգմանը, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Լոնդոն ժամանելուն պես, «Հիթրոում» վայրէջք կատարելուց եւ ուղեւորներին իջեցնելուց հետո հայտնվել է 5-6 մարդուց կազմված խումբ՝ շներով եւ անձնակազմին պահանջ է ներկայացրել օդանավի ստուգման մասին՝ արգելված իրերի տեղափոխման կասկածանքով»,- պատմել է կապիտանը:

Նրա տեղեկացմամբ՝ ստուգումը տեւել է «5-7 րոպե»: Միտրոֆանովը նշել է, որ դրանից հետո մասնագետները եւս 2-3 րոպե ստուգել են տեխնիկական հատվածները: «Ստուգման ոչ մի ակտ, ոչ մի պատճառ, ոչ մի բան ինձ այդպես էլ չասվեց»,- պարզաբանել է կապիտանը՝ նշելով, որ Լոնդոնում տեղի ունեցածն «ընդհանրապես ոչ մի շրջանակի մեջ չի տեղավորվում»:

«Մենք այդ գործողություններին համաձայնվեցինք միայն հյուպատոսի, թռիչքների անվտանգության ներկայացուցիչների հետ համաձայնեցնելուց, որպեսզի չվերթն ավարտեինք»,- պարզաբանել է նա:

Լոնդոնում «Աերոֆլոտի» ստուգման մասին հայտնի է դարձել մարտի 30-ի երեկոյան: Ավիաընկերությունում ՌԲԿ-ի աղբյուրը հստակեցրել է, որ «Հիթրոում» վայրէջք կատարելուց հետո բրիտանական կողմը, ոչ մի հիմնավորում չներկայացնելով, պահանջել է, որ օդանավի անձնակազմը օդանավը լքի: Դրա հետ կապված որոշվել է, որ ոստիկանության ստուգման ավարտից հետո օդանավի լրացուցիչ ստուգում կանցկացնեն արդեն անձնակազմը եւ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները:

Բրիտանիայի կառավարությունում աղբյուրները հայտնել են օդանավի ստուգման եւ «Սկրիպալի գործի» միջեւ կապի բացակայության մասին՝ պարզաբանելով, որ լոնդոնյան օդանավակայանում ռուսական օդանավի ստուգումը «ստանդարտ ընդլայնված ստուգում էր», որը ժամանել է «ռիսկի մեծ սպառնալիքով» երկրից:

Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղի ունեցածը «սադրանք» է որակել՝ դրա մեջ «առանց վկաների մանիպուլյացիայի փորձ» տեսնելով: Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը այնուհետեւ բրիտանական ԱԳՆ-ից պահանջել է պարզաբանել տեղի ունեցածի պատճառները: Բրիտանական ոստիկանությունից ՌԲԿ-ի հարցմանն ի պատասխան ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են «Հիթրոում» ստուգման փաստը: