«Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԳ նախկին նախարար վարդան Օսկանյանը դասախոսություններ է կարդում ԱՄՆ-ում ինքնորոշման իրավունքի թեմայով:

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.

«Երկար ժամանակ դիվանագիտական գործունեությունից հետո, հետաքրքրական է այդ բոլորը կիսել ուսանողների եւ մասնագետների հետ: Հունվարից ես Լոս Անջելեսում էի, որտեղ հակամարտությունների, ինքնորոշման իրավունքի, բանակցությունների, ինչպես նաեւ առհասարակ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հարավային Քալիֆոռնիայի համալսարանում դասախոսությունների շարք էի ներկայացնում, որը արդեն գրեթե վերջացրել եմ:

Մինչ Երեւան վերադառնալս, Հարվարդի իրավագիտության դպրոցում, «Ինքնորոշումը եւ միջազգային իրավունքը. Կոսովո եւ Լեռնային Ղարաբաղ․ երկու հակամարտությունների պատմությունը» թեմայով ելույթ եմ ունենալու ապրիլի 12-ին:

Առաջիկա աշնանային կիսամյակում կվերադառնամ Բոսթոն որտեղ Թաֆթսի համալսարանում, որպես այցելու դասախոս, կվարեմ դասընթաց՝ «Ինքնորոշման եւ անջատման քաղաքականությունը» խորագրով։ Ուրախ եմ որ ինչ-որ ժամանակով վերադառնալու եմ այն համալսարանը, որտեղ սովորել եմ տարիներ առաջ»: