Կանադայի ԱԳՆ-ն չարդարացված է համարում Ռուսաստանի կողմից ընդունված կանադացի դիվանագետների արտաքսման միջոցառումը՝ Կանադայի իշխանությունների կողմից «Սկրիպալի գործի» հետ կապված համանման որոշումից հետո, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կանադայի ԱԳՆ Twitter-յան էջում:

«Կանադան ափսոսանք է հայտնում կանադացի 4 դիվանագետներին Ռուսաստանի կողմից չարդարացված արտաքսելու համար: Մենք կաշխատենք, որ նրանց մեկնումն այնքան հարթ անցնի, որքան դա հնարավոր է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին, ինչպես հայտնում է տեղական ABC հեռուստաալիքը, Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը ափսոսանք է հայտնել Մոսկվայի պատասխան որոշման համար ավստրալացի դիվանագետների արտաքսման մասին:

Թյորնբուլը հաստատել է, որ ավստրալացի 2 դիվանագետի 7 օր ժամանակ է տրամադրվել Մոսկվայից հեռանալու համար:

«Աշխատակիցները, որոնք պետք է արտաքսվեն Ավստրալիայի դեսպանատնից, Դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաների համաձայն՝ կատարում են իրենց դիվանագիտական եւ հյուպատոսական գործառույթները, եւ Ռուսաստանի կողմից այդ գործողության ոչ մի հիմնավորում չկա»,- ասել է երկրի վարչապետը:

Ավստրալիայի վարչապետը հավելել է, որ Ավստրալիան ավելի վաղ արտաքսել է Ռուսաստանից 2 դիվանագետների, որոնք «որպես հետախույզներ» են աշխատել:

Ավելի վաղ Ֆրանսիան իր ափսոսանքն էր հայտնել դիվանագետների արտաքսման հետ կապված: Երկրի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայի նման պատասխան քայլը «զարմանալի չէր»:

«Մեզ չզարմացրեց Ռուսաստանի որոշումը Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատան 4 անդամների արտաքսման մասին: Մենք կարող ենք դրա համար միայն ափսոսել եւ հիշել, որ այսօվա դրությամբ Ռուսաստանը հրաժարվել է Սոլսբերիում հարձակման կապակցությամբ ակնկալվող պարզաբանումներ տալ»,- նշված է հայտարարության մեջ:

«Սակայն մենք հայտարարում ենք Ռուսաստանի հետ միջազգային բոլոր հարցերով կառուցողական երկխոսությանը մասնակցելու պատրաստակամության եւ հավատարմության մասին»,- հավելել են գերատեսչությունից:

Եվրոպայի մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը, մերձբալթյան երկրները, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաեւ ԱՄՆ-ն եւ Կանադան երկուշաբթի որոշում էին ընդունել «Սկրիպալի գործի» հետ կապված ընդհանուր ավելի քան 100 ռոսաստանցի դիվանագետների արտաքսման մասին:

Մարտի 30-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր Եվրամիության մի շարք երկրների, ինչպես նաեւ Կանադայի, ԱՄՆ եւ Ավստրալիայի դիվանագետների արտաքսման մասին: Մոսկվայի որոշումը մարտի 26-ին «Սկրիպալի գործի» հետ կապված ռուսաստանյան դիվանագետների զանգվածային արտաքսման պատասխանն էր: