«Ռուսազգի ամերիկացիների կոնգրեսը» ամերիկյան ՀԿ-ն բաց նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որտեղ հիասթափություն է հայտնել ռուս- ամերիկյան հարաբերությունների վիճակով ու մտահոգություն՝ այն խտրականությամբ, որին բախվում են ռուսները այդ երկրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք աջակցում ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս կուրսը։ Այն չի կարող որեւէ լավ բանի հանգեցնել։ Դա լուրջ խոչընդոտ է դարձել կառուցողական երկխոսության համար։ Ավելին՝ Ռուսաստանի դեմ օդիոզ հռետորաբանությունը ծնում է ատելություն բոլոր ռուսների հանդեպ։ Այս երկրում ապրող հինգ միլիոն՝  ռուսազգի ամերիկացիները ստիպված են իրենց վրա կրել այդ անհեթեթ բառերի ու գործողությունների հետեւանքները։ Ռուսազգի ամերիկացիները լուրջ խտրականությունների են բախվում»,- ասվում է նամակում, որը գրվել է կազմակերպության նախագահ Նատալիա Սաբելնիկի անունից։

Նամակում նաեւ դատապարտվում է ԱՄՆ-ից ռուս դիվանագետների արտաքսումը՝ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության պատրվակով։

«Մենք ձեզ խնդրում ենք դադարեցնել նոր սառը պատերազմի զարգացումը, որը ավելի ու ավելի շատ է հսկողությունից դուրս գալիս։ Պետք է կանգնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ու երկխոսություն սկսել։ Ցավոք, որքան ավելի փխրուն են դառնում կապերը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ, այդքան ավելի վտանգվում է խաղաղությունը մեր ամբողջ մոլորակում»,- ասվումէ նամակում։

«Աերիկացի ռուսազգիների կոնգրեսը» հիմնվել է 1973-ին, կազմակերպության շտաբ բնակարանը Սան Ֆրանցիսկոյում է գտնվում։