Գործարար Սամվել Մայրապետյանը (Հ2-ի սեփականատեր, «Տոյոտա Երեւանի» նախագահ, մի շարք էլիտար շենքերի համասեփականատեր) այսօր՝ հունվարի 13-ին լրագրողների հետ կայացած ճեպազրույցում անդրադարձավ Կոզեռն թաղամասի բնակիչների բողոքներին։

Հիշեցնենք, որ Կոզեռնի բնակիչները Սամվել Մայրապետյանին մեղադրում են հանրային գերակա շահ հռչակված տարածքների բնակիչներին ոչ բավարար փոխհատուցում տրամադրելու համար։

Ս. Մայրապետյանն ասաց, որ գումարային առաջարկ արել է պարզապես օրենքով սահմանված ընթացակարգերը պահպանելու համար։ «Ո՞վ ասաց, որ գումար պտի վերցնեն։ Կարող են նույն տեղում բնակարան ուզել որպես կոմպենսացիա։ Գումարը շատ հարաբերական հասկացություն է։ Ինքան էլ գումար լինի՝ ես կարող եմ ասել շատ է, իրենք կարող են ասել՝ քիչ է։ Ինչպե՞ս չափենք»,- ասաց Ս. Մայրապետյանը։ Այդ դեպքում ինչո՞ւ են բողոքում բնակիչները, եւ ընդհանրապես՝ արվե՞լ է նրանց համարժեք բնակարանով ապահովելու առաջարկ։ Այս հարցին Ս. Մայրապետյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Առաջարկը ես չեմ անողը։ Իրենք իրավունք ունեն ուզել տուն։ Ես պետք է անեմ գնային առաջարկ՝ օրենքն էդպիսին է»։

Այնուհետեւ գործարարն ասաց, որ բնակիչների տները շատ ցածրարժեք են՝ խարխուլ են, հին են, իր խոսքով՝ «տուն չեն»։ «Մենք պատրաստ ենք նորը տալ՝ վա՞տ բան է»,-լրագրողներին հարցրեց գործարարը։ Ըստ Մայրապետյանի՝ «բնակիչներն ասում են՝ էնքան փող տուր, որ նորը առնենք, մի էդքան էլ մնա»։

Այնուամենայնիվ՝ Ս. Մայրապետյանը հրաժարվեց հանդիպել բողոքողների հետ. «ինձ պետք չի նրանց հասկանալ։ Կա պրոցեդուրա, դրանով պետք է շարժվենք»։

Երբ ձայնագրիչներն անջատված էին՝ պրն Մայրապետյանն ավելի հստակեցրեց բնակիչների հետ բանավեճի էությունը։ Իր մեկնաբանմամբ՝ բնակիչները ոչ միայն շինություններ ունեն, այլեւ սեփականաշնորհված հող, որի վրա ոչ մի շինություն չկա։ Որոշ մարդիկ մինչեւ 300 քմ հողակտոր ունեն։ Ասաց, որ դրանք սեփականաշնորհելու համար ոչ մի դրամ չեն ծախսել, ինչո՞ւ պետք է ինքը վճարի։ «Քստիկներով գնացին նախագահի մոտ՝ սեփականություն ստացան»,- ասաց Մայրապետյանը, ցանկանալով, որ այդ խոսքերն անպայման գրի առնենք։

Ասաց նաեւ, որ պատրաստ է 100 անգամ ավելի վճարել, քան բնակիչները ծախսել են այդ սեփականությունը ձեռք բերելու համար, այնուհետեւ հավելեց, որ ծախսել են զրո լումա։ Մեր այն դիտողությանը, որ կա շուկայական գին՝ պրն. Մայրապետյանը չընդունեց։ Նա պնդեց, որ ինքը պետք է փոխհատուցի միայն բնակիչների ծախսերը։ Եթե պահանջեն ավելին՝ ապա պարզապես հետ կկանգնի իր ծրագրերից, քանի որ երբեւէ ուժով չի ստիպել մարդկանց թողնել իրենց բնակարանը։