Արդեն մի քանի տարի ԵՄ պաշտոնյաները հանդես են գալիս հայկական ԱԷԿ-ը փակելու պահանջով: Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ այս թեման դեռ երկար ժամանակ կմնա օրակարգում:
«Հայաստանի վրա ճնշոււմ կգործադրվի: Նրանք նաեւ նշում են, որ Հայաստանում պետք է զարգանա այլընտրանքային էներգիան, սակայն չի նշվում, թե կոնկրետ երբ պետք է փակվի հայկական ԱԷԿ-ը»,- պարզաբանեց Ղուկասյանը:
Ըստ որում, ինչպես նշեց փորձագետը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարրար Վաղարշակ Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ եթե Արեւմուտքն այդքան շահագրգռված է հայկական ԱԷԿ-ի հարցում, ապա ինչու 2006 թվականին, երբ ԱԷԿ-ի արդիականացման մրցույթ էր հայտարարվել, Ռուսաստանից բացի, ոչ մի երկիր այս առաջարկին չարձագանքեց:
Ինչպես շեշտեց փորձագետը, հենց Ռուսաստանն է ստանձնել համապատասխան աշխատանքների իրականացման պարտավորությունը, որոնք ուղղված են հայկական ԱԷԿ-ի հետագա շահագործմանը:
Ղուկասյանը հիշեցրեց ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Լեպեխինի խոսքը, որ Հայաստանի վրա ԵՄ-ի կողմից ճնշում կգործադրվի՝ պահանջելով փակել «Մեծամոր» ԱԷԿ-ը, չնայած հանրապետության էլեկտրաէներգիայի 40 տոկոսը հենց նա է ապահովում:
«Եթե ԱԷԿ-ը փակվի, ապա դա Հայաստանը 20-30 տարով հետ կնետի»,- կարծում է Ղուկասյանը:
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ հայկական էկլեկտրակայանը չի համապաասխանում միջազգային նորմերին, ապա, նրա խոսքով, այս հայտարարությունները բազմիցս հերքվել են ԱԷՄԳ-ի եւ ռուս փորձագետների կողմից:
Ինչպես նշեց Ղուկասյանը, նույնպիսի իրավիճակ էր ստեղծվել Լիտվայում: Այնտեղ, նրա խոսքով, հրաժարվեցին իրենց ԱԷԿ-ի օգտագործումից եւ հիմա ստիպված են թանկ գնով գազ գնել:
Ակումբի մեկ այլ փորձագետ՝ Ծովինար Կոստանյանն, իր հերթին, նշեց, որ եթե Գերմանիան կարող է իրեն թույլ տալ ատոմային էներգետիկ ոլորտից հրաժարվել, ապա Հայաստանը պարզապես չի կարող:
Նա շեշտեց, որ ԵՄ մեկ այլ երկրում, ինչպիսին Ֆրանսիան է, որտեղ նույնպես քննարկվում է ատոմնային էներգետիկ ոլորտը վերացնելու եւ էներգիայի այլընտրանքային տեսակների անցնելու հարցը, ոչ միայն դրանից չեն հրաժարվել, այլեւ այն ակտիվորեն զարգացնում են:
Կոստանյանի խոսքով՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն փորձում են իրենց շահերն առաջ մղել՝ ձգտելով այս շուկայից Ռուսաստանին դուրս մղել՝ ամենեւին չմտահոգվելով այն մասին, թե ինչ վիճակում կհայտնվի Հայաստանը, եթե իր ԱԷԿ-ի շահագործումից հրաժարվի:




























