Հունվարի 9-15-ին Սուդանում անցկացվող հանրաքվեն երկրի հարավի ինքնորոշման համար, հավանաբար, կբերի նրան, որ Հարավային Սուդանը կառանձնանա:
Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Սակայն, քաղաքագետի խոսքով, 20-ամյա պատերազմից հետո, 4 միլիոնանոց բնակչություն ունեցող Հարավային Սուդանի միայն 60 տոկոսն է մասնակցել հանրաքվեին, թեեւ սպասվում էր 90 տոկոսի մասնակցություն: Այնուամենայնիվ, արդեն այսօր կարելի է արձանագրել, որ հանրաքվեն կայացել է:
Ընթացիկ տարվա հունիսին Հարավային Սուդանը կհայտարարի իր անկախության մասին եւ Աֆրիկայի քարտեզի վրա կհայտնվի եւս մեկ ճանաչված պետություն:
Զուգահեռներ տանելով Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Սուդանի հանրաքվեների միջեւ, Մարկարովը նշեց. «Մենք միանշանակ կարող ենք ասել, որ մեզ համար հանրաքվեն ներկա պահին այդքան էլ կարեւոր չէ: Եթե մենք խոսում ենք Ղարաբաղի մասին, ապա 19 տարի առաջ կայացել է հանրաքվե, որի արդյունքները բավականին պարզ էին եւ եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Ադրբեջանը չունի ո՜չ բարոյական, ո՜չ էլ իրավական իրավունք՝ հավակնություններ ներկայացնել ԼՂՀ-ին: Մյուս կողմից, մեզ համար շատ կարեւոր եւ հետաքրքրական են հետեւյալ միտումները. Հանրաքվեի արդյունքում Թիմորը, Էրիթրեան, իսկ ներկա պահին Հարավային Սուդանն օգտագործում են ինքնորոշման իր իրավունքը: Այստեղ մեզ համար հետաքրքիր է գործողությունների ալգորիթմը, այստեղ կողմերը հանրաքվեի համար պայմանավորվածություն են ձեռք բերում, որն էլ հիմք կդառնա անկախության հռչակման համար:
Մարկարովի կարծիքով, այս դեպքում «մենք գործ ունենք հանրաքվեի հետ, որը կողմերի նախնական պայմանավորվածության արդյունք է: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն անցկացվել է առանց այդ պայմանավորվածության, սակայն դա չի նշանակում, որ արցախյան հանրաքվեն պակաս լեգիտիմ է, քան՝ Հարավային Սուդանինը:
Նշենք, որ հանրաքվեի նախնական արդյունքները Հարավային Սուդանի անկախության վերաբերյալ կհայտարարվեն հունվարի 31-ին: Որպեսզի պլեբիսցիտը համարվի կայացած, ընտրատեղամասեր պետք է այցելեն քվեարկողների 60 տոկոսը:





























