Հայաստանի կառավարությունն ակնհայտորեն վարակվել է մերկանտելիզմով։ Սա 15-16-րդ դարերում Եվրոպայում մշակված քաղաքականություն է, ըստ որի՝ կառավարության հիմնական նպատակը օրենսդրական ճանապարհով դրամական հարստության ավելացումն է։ Այդ փիլիսոփայությունն ստացել է «դրամական հաշվեկշռի տեսություն» (теория денежного баланса) անվանումը։ Տնտեսագիտության մեջ նույնիսկ առաջացել է «մերկանտիլայնություն» հասկացությունը, որը բնորոշում է ավելորդ հաշվենկատությունը։

Այսօր՝ հունվարի 13-ին կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հպարտությամբ հայտարարեց, որ կառավարությունը 2011 թվական է մտել որոշ ռեսուրսներով։ Այդ ռեսուրսները առաջացել են հարկերի հավաքագրումը գերակատարելու եւ ծախսերը խնայելու միջոցով։ Այսպես՝ եկամուտների պլանավորված մակարդակը գերազանցվել է 25 մլրդ դրամով (մոտ 70 մլն դոլար), որից 20 մլրդ դրամը (մոտ 55 մլն դոլար) բաժին է ընկնում հարկերին։ Ծախսերն էլ իրենց հերթին խնայվել են 15 մլրդ դրամով (մոտ 40 մլն դոլար)։ Դրա հետեւանքով՝ գանձապետական միասնական հաշվի մնացորդը տարեսկզբին հասել է 30 մլրդ դրամի (մոտ 85 մլն դոլար), իսկ կայունացման հիմնադրամում առկա է 45 մլրդ դրամ (մոտ 125 մլն դոլար)՝ պլանավորված 31 մլրդ դրամի (մոտ 86 մլն դոլար) փոխարեն։ Վերջին հանգամանքը վարչապետը պայմանավորեց նրանով, որ վարկերը հետ են վերադարձվել ժամկետից շուտ։

Անկեղծ ասած՝ վարչապետի այս հայտարարությունների մեջ հպարտանալու կամ ուրախանալու ոչ մի առիթ չենք տեսնում այն պարզ պատճառով, որ կառավարության նպատակը հարստություն դիզելը չէ, այլ՝ կուտակված փողը արդյունավետ ծախսելը։

Ի՞նչ իմաստ ունի գործարարներին խեղդելով հարկեր հավաքագրել, ու դրանք սառեցնել ինչ-որ հաշիվներում։ Իսկ այն հանգամանքը, որ կառավարությունը 15 մլրդ դրամ է խնայել, խոսում է ոչ թե արդյունավետության, այլ բյուջեի սխալ պլանավորման մասին։

Ուրախանալ չարժե նաեւ կայունացման հիմնադրամի մնացորդի աճով։ Եթե գործարարները ժամկետից շուտ են վերադարձրել վարկերը, նշանակում է՝ դրանք լավ պայմաններով տրված չեն եղել։

Ստացվում է՝ մի կողմից կառավարությունն անընդհատ պարտքեր է վերցնում, մյուս կողմից՝ իր հաշիվներին գումարներ է սառեցնում։ Կառավարությունը պետք է գիտակցի, որ իր քաղաքականության արդյունավետությանը չափվում է ոչ թե կուտակած հարստությամբ, այլ՝ ծախսած միջոցների հատույցով։

Սամվել Ավագյան