Այլ պետության ռազմաբազայի առկայությունը Հայաստանի տարածքում հարցեր է հարուցում: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ այս հարցերի թիվը կարող է մեծանալ Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ձեւավորման պատճառով: «Ես չեմ կարծում, որ այս հարցերին միանշանակ պատասխան է տրվել: Ընդհակառակը: Ստացվում է, որ մենք Պերմյակովի պատմության նման ինչ-որ պահի ենք սպասում՝ հարցեր տալու եւ մեզ հետաքրքրող հարցերին պատասխաններ ստանալու համար»,- ասաց Ալավերդյանը:
Իրավապաշտպանը հիշեցրեց, որ բազայի տեղակայման մասին համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, եւ այն դրույթներ է պարունակում, որոնք թույլ են տալիս ընդլայնել բազայի լիազորությունները եւ դրա թվաքանակը: Խնդիրը, ըստ Ալավերդյանի, նրանում է, որ հանրությունը պատշաճ կերպով տեղեկացված չէ այս հարցի վերաբերյալ, իսկ երբ իշխանություններին հարցեր են տալիս, նրանց հրաժրվում են լիարժեք պատասխան տալ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտարարվել էր Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ստեղծման մասին:«Նախկինում Գյումրիում ռուսական ռազմակայանում կարգուկանոնն ապահովելու համար առանձին պարեկներ էին առանձնացված, սակայն դրանում ներառված զինծառայողները չունեին հատուկ պատրաստվածություն: Ջոկատները, որոնք հիմա ստեղծվում են, կհամալրվեն մասնագետներով, որոնք ուսումնառություն են անցել Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում», - նշվում էր հաղորդագրության մեջ:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը հարցեր է հարուցում. իրավապաշտպան
Հասանելի է
русский



























