Իսրայելը հայրենիք ունենալու իրավունք ունի: Այս մասին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը նշել է The Atlantic հանդեսի հետ հարցազրույցում՝ այսպիսով դառնալով սաուդյան իշխանությունների առաջին ներկայացուցիչը, որն ընդունել է հող ունենալու Իսրայելի «իրավունքը», փոխանցում է AFP-ն:

Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց վերջին տարիներին տեղի է ունենում ոչ պաշտոնական հարաբերությունների բարելավում: Սակայն իսրայելցիների եւ պաղեստինցիների հակամարտությունը լիարժեք մերձեցման գլխավոր խոչընդոտն է, քանի որ Էր Ռիադը աջակցում է Պաղեստինի ինքնիշխանության իրավունքը:

Արքայազնի հայտարարությունները, սակայն, հավասարեցրել են հակառակորդների տարածքային հավակնությունները: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հրեա ժողովուրդը պետություն ունենալու իրավունք չունի՞, առնվազն իր նախնիների հայրենիքի հատվածում, Մոհամմեդը նշել է, թե հավատում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ խաղաղության պայմաններում ապրելու իրավունք ունի: «Ես կարծում եմ, որ պաղեստինցիները եւ իսրայելցիները սեփական հողերի նկատմամբ իրավունք ունեն: Սակայն խաղաղ լուծում է պետք, որը կապահովի կայուն եւ նորմալ հարաբերություններ»,- ասել է նա:

Մոհամմեդն ասել է, որ ինքը պաղեստինցիների հետ միասին ապրող իսրայելցիների դեմ «կրոնական առարկություններ» չունի, քանի դեռ պաշտպանված է մուսուլմանական գլխավոր սրբավայրը՝ Ալ Աքսա մզկիթը: «Մենք կրոնական մտավախություններ ունենք Երուսաղեմում սուրբ մզկիթի ճակատագրի եւ պաղեստինցի ժողովրդի իրավունքների վերաբերյալ»,- ասել է նա: