ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Մ. Խ.-ն հաղորդում է տվել, որ 20.02.2018թ.-ին նույն քրեակատարողական հիմնարկում իր եւ մյուս դատապարտյալների միջեւ տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու նպատակով ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներն իրեն հրավիրել են նշված բաժնի աշխատասենյակներից մեկը, որտեղ հայհոյանքներ են տվել եւ բռնություն գործադրել իր նկատմամբ, պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:



























