Նախատեսվում է լրացուցիչ 2 միլիոն դոլար ստանալ Հայաստանի ոռոգման համակարգի կատարելագործման համար։ Այս մասին ապրիլի 3-ին՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
Նա, մասնավորապես, առաջարկել է վավերացնել ոռոգման համակարգի կատարելագործմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման նախագիծը. «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 20-ին, որով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ»,–պարզաբանել է նա։
Միաժամանակ, նա նշել է, որ այս ծրագրի իրականացումը նախատեսվում էր ավարտել դեռ 2017 թվականին, սակայն Գառնիի բնակիչների հետ առաջացած բարդությունների պատճառով ստիպված են եղել ժամկետը տեղափոխել 2018 թվականի հունիսի 30-ը։ Պաշտոնյան ընդգծել է, որ շինարարական աշխատանքների համար հատկացված 37 միլիոն դոլարից մնացել է միայն փոքր հատվածը ավարտել 200 միլիոն դրամի չափով։ Շինարարական աշխատանքները, նրա հավաստմամբ, դժվարացել են բարդ եղանակային պայմանների պատճառով։
Հարությունյանի խոսքով, իրենց հաջողվել է 37 միլիոն դոլարից խնայել 1 միլիոն 300 հազար, որը ուղղվել է այդ ծրագրի իրականացմանը, սակայն արդեն Մեղրիի մարզում, որտեղ նախատեսվում է կառուցել լրացուցիչ ջրատար։
Այս ամենը, նրա հավաստմամբ, թույլ կտա տնտեսել շուրջ 40 մլն դրամ էլէկտրաէներգիայի ծախսերի առումով։
ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրին և ուղարկել ԱԺ հաստատմանը:



























