Լիբանանում հերթական քաղաքական ճգնաժամ է սկսվել եւ 11 նախարարների հրաժարականի ու կառավարության լուծարման ֆոնին քաղաքական այս իրավիճակի հանգրվանը բավական անորոշ եւ փակուղային է թվում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը։

«Ըստ օրենքի՝ նախագահն առաջիկա շաբաթներին պատգմավորների հետ խորհրդակցություններ պետք է անցկացնի՝ ճշտելու նոր վարչապետի թեկնածուի անունը, ինչից հետո հնարավոր կլինի սկսել  կառավարության ընթացիկ աշխատանքները»,- նշեց գլխավոր խմբագիրը։

Հարցին, թե երկրի ներսում առկա ճգնաժամային իրավիճակը կարո՞ղ է բերել զանգվածային անկարգությունների եւ բախումների՝ Քանդահարյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ գերիշխող են բանակցությունների, քաղաքական հայտարարությունների եւ հանդիպումների անցկացման տրամադրությունները, բախումների նախադրյալներ դեռեւս չկան, բայց քաղաքական լարվածությունն, անշուշտ, առկա է»,- տեղեկացրեց «Ազդակի» խմբագիրը՝ հատկանշական համարելով, որ Լիբանանում ստեղծված իրավիճակը շտկելու հարցում միջնորդ դառնալու շահագրգրգռություն է հայտնել նաեւ Թուրքիան։

«Պաշտոնական Անկարան՝ ի դեմս այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի, առաջարկել է միջնորդական առաքելություն ստանձնել այս հարցում եւ հրաժարական տված նախարարներին  կոչ է արել վերադառնալ կառավարություն»,- ամփոփեց Շահան Քանդահարյանը։

Նշենք, որ Լիբանանում հունվարի 12-ի երեկոյան հրաժարական ներկայացրած 11 նախարարների թվում է նաեւ ՀՅԴ անդամ Աբրահամ Դեդեյանը, ով 2009 թվականի նոյեմբերից զբաղեցնում էր երկրի արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հըզբոլահ» շարժումն իր դաշնակիցների հետ լքել է կառավարությունը` բողոքելով նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող Միջազգային դատարանի գործունեության քաղաքականացման դեմ:

Քաղաքական ճգնաժամը երկրում ծագել է, երբ պարզ է դարձել, որ առաջիկայում Միջազգային դատարանը պատրաստվում է հրապարակել 2005 թվականին տեղի ունեցած սպանության հետաքննության արդյունքները` հիմնական մեղքը բարդելով հենց «Հըզբոլահ»-ի անդամների վրա: