Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չի կարողանա մասնակցել Լիմայում տեղի ունենալիք տարածաշրջանային գագաթնաժողովին: Պերուի ԱԳ նոր նախարար Նեստոր Պոպոլիզիոն հայտարարել է, որ Մադուրոն անցանկալի անձ է, փոխանցում է Reuters-ը: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ամբողջ արեւմտյան կիսագնդի պետությունների ղեկավարները նախատեսում են Պերու մեկնել՝ մասնակցելու ապրիլի 13-14-ը կայանալիք Ամերիկայի երկրների գագաթնաժողովին, որի հիմնական թեման կլինի «կոռուպցիայի դեմ պայքարող ժողովրդավարական կառավարումը»:

Պոպոլիզիոն ասել է, որ միջոցառմանը Մադուրոյին չհրավիրելու Պերուի որոշումն արտացոլում է տասնյակ երկրների կարծիքը, որոնք ճնշում են գործադրում Վենեսուելայի վրա՝ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Նրա խոսքով՝ Մադուրոյի մերժումն ականջալուր լինել ժողովրդավարական բարեփոխումների կոչերին «հերքում է ժողովրդավարություն հասկացությունը եւ անհաղթահարելի խոչընդոտ է ստեղծում Ամերիկայի երկրների գագաթնաժողովին նրա մասնակցության համար: «Սա խիստ որոշում է, որը վերանայման ենթակա չէ»,- ասել է Պոպոլիզիոն: