Հայաստանում կարող է ի հայտ գալ մի նոր տոն՝ տեղական ինքնակառավարման օրը։ Ազգային Ժողովի մի շարք հանրապետական պատգամավորներ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, առաջարկում են այդ օրը նշել նոյեմբերի 10-ին, երբ Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան համայնքների ղեկավարների ընտրություններ։ Կառավարությունը սկզբունքորեն համաձայնել է սույն առաջարկին։

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ արդեն իսկ նշվում են 17 տոներ եւ հիշատակի 4 օրեր։

Ներկայումս տեղական ինքնակառավարման  օրը, որպես տոն օր, նշում են  մի շարք երկրներում, մասնավորապես` Ուկրաինայում` դեկտեմբերի 7-ին, Լիտվայում` հոկտեմբերի 10-ին, Ավստրալիայում` մայիսի 10-ին, իսկ Ղրղըզստանում` հոկտեմբերի վերջին կիրակի օրը: Նշենք, սակայն, որ այդ երկրների մեծ մասում տեղական ինքնակառավարումը կայացած ինստիտուտ է, այնինչ Հայաստանում այն հեռու է կայացած լինելուց։