Հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել երկու ահաբեկչական գործողություն՝ շնորհիվ արտասահմանյան գործընկերներից ստացված տեղեկությունների, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, փոխանցում  է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 

Բորտնիկովի խոսքով, նախորդ տարի ուժայինները կանխել են 25 ահաբեկչական գործողություն, եւս 4–ը նրանց չի հաջողվել կանխել։ ԱԴԾ–ի ղեկավարը հավելել է, որ ամեն տարի աշխարհում իրագործվում են ավելի քան 1600 ահաբեկչական գործողություններ, ընդ որում՝դեպքերի կեսի դեպքում դրանց  հետեւում կանգնած է եղել «Իսլամական պետությունը»։

 «Ինչպես գիտեք նախորդ տարի ԱՄՆ–ն տեղեկացրել է Ռուսաստանին ամանորյա տոներին Սանկտ Պետերբուրգում պատրաստվող ահաբեկչության մասին։ Միաժամանակ, եւս մեկ ահաբեկչություն հաջողվել է կանխել թուրքական գործընկերներից ստացված տեղեկության շնորհիվ»,–պատմել է նա՝ ելույթով հանդես գալով միջազգային անվտանգության հարցով մոսկովյան գիտաժողովի ժամանակ։