NEWS.am-ը ներկայացնում է Էնդրյու Ֆինկելի հոդվածը, որը հրապարակել է  թուրքական Today’s Zaman-ը:

Գնդակը, որն անցավ ԱՄՆ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի գլխի միջով կարծես մտել է ամերիկացի մեկնաբանների գիտակցությունը եւ քաղաքական վերնախավին թույլ է տվել դուրս գալ կոմայից: Ոչ ոք չի կասկածում, որ հարձակվողը հոգեական խանգարում ունի: Սակայն հնարավոր է, որ հանցագործի խելահեղությունն ու ատելությունը խթանվել է իր երկրի քաղաքական դիսկուրսով: 

Հաջորդ շաբաթ հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության չորրորդ տարելիցն է: Ամերիկացի հանցագործի նման Դինքի սպանողին եւս բռնեցին, սակայն թուրք ոստիկանները սկսեցին լուսանկարվել երիտասարդ մարդասպանի հետ` նրան համարելով հերոս:

Ի տարբերություն ամերիկյան ոճրագործության Դինքի սպանությունից հետո տպավորություն էր ստեղծվել, որ վայրագությունը ցանկանում էին նաեւ իշխանությունները:

Դինքի ընտանիքի փաստաբան Ֆետհիե Չեթինը հրապարակել է Դինքի մահվան չորրորդ տարվա զեկույցը, որտեղ փաստագրորեն ներկայացված են պետական պաշտոնյաների վարքը: Այն պաշտոնյաների, որոնք Դինքին պարբերաբար դարձնում էին հասարակական դժգոհության թիրախ:

Գիֆորդսը մարգարեի նման քննադատել էր Սարա Փեյլինի սադրիչ քայլերը: Փեյլինի ֆեյսբուքյան քարտեզում Գիֆորդսը ոչնչացման ենթակա թիրախ էր:

Շատ ավելի նյութական էր Հրանտ Դինքին որպես թիրախ ներկայացնելը: Այժմ ակնհայտ է դառնում, որ դրանք միայն հռետորություն չէին, այլ` բռնության սադրանքի մտացված ռազմավարություն էր:

2004-ին Ստամբուլի փոխնահանգապետը հետախուզության աշխատակիցների ներկայությամբ Դինքի հետ զրուցել էր մի խմբագրականի մասին: Այդ հոդվածում Դինքը գրում էր, որ Աթաթուրքի  հոգեդուստր Սաբիհա Գեկչենը հայ էր, որը որբ էր դարձել 1915-ին: Հետախուզության այդ աշխատակիցները հետագայում մեղադրյալ էին Էրգենեկոնի գործով:

Մահից առաջ Հրանտ Դինքը գրեց, որ իրեն դիտավորյալ դարձնում են թիրախ: Իսկ նրա մահից չորս տարի անց դատախազները չեն ուզում որեւէ կապ տեսնել: Չեն ուզում տեսնել Դինքի սպանության անպատիժ մնալը: Այսօր Թուրքիայում բոլորին միավորում է միայն աչք փակելու ցանկությունը: