Իսպանիայի թագավորական ընտանիքի կեցությունը 2018 թվականին հարկատուների համար կարժենա 7.89 մլն եվրո, որը 0.87 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։ Այս մասին նշված է երկրի այս տարվա բյուջեի նախագծում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Այս ցուցանիշը վերջին տարիներին աճել է երկու անգամ։ 2010 թվականին թագավորական ընտանիքին հատկացվել էր 8.9 մլն եվրո, ապա այդ գումարը ամեն տարի կամ կրճատվել է, կամ մնացել է նույնը։ Այս որոշումը կապված է եղել իսպանական տնտեսությունում առաջ եկած դժվարությունների հետ։ 2014 թվականին այդ գումարը չի փոփոխվել՝ 7.78 մլն եվրո ցուցանիշի սահմաններում մնալով, միայն 2017 թվականին է այն ավելացել 40 հազար եվրոյով։ 
Իսպանիայի սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ «թագավորը պետբյուջեից ստանում է որոշակի գումար ընտանիքի եւ արքունիքի կեցության համար եւ ազատ է այն տնօրինելու հարցում»։

Ֆիլիպ 6-րդը Իսպանիայի թագավոր է դարձել 2014 թվականի հունիսի 19-ին այն բանից հետո, երբ գահիւց հեռացավ հայրը՝ Խուան Կառլոս 1-ը։ Միապետի կինը՝ թագուհի Լետիսիան նախկինում տարբեր պարբերականներում լրագրող է աշխատել, այդ պարբերականների թվում են EFE գործակալությունը, ABC թերթը, CNN+ եւ Bloomberg TV հեռուստաալիքներում։ Նրանք ամուսնացել են 2004 թ. մայիսի 22-ին, ունեն երկու երեխա՝ 10-ամյա Սոֆյան եւ գահի ժառանգորդ 12-ամյա Լեոնորը։ Արքունիքում ապրում են նաեւ միապետի հայրը  Խուան Կառլոս 1-ը եւ նրա կինը՝ Սոֆյան։