«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվել են ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ օրենքով արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը: Թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին:

Եթե պաշտոնատար  անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75 հազար ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում է եւ հանձնվում պետությանը կամ համայնքին:

Ներկայումս պաշտոնական թույլատրելի նվերները դասակարգվում են գույքային սպառողականի եւ ոչ սպառողականի: Եթե գույքային ոչ սպառողական նվերն իր արժեքով գերազանցում է 100 հազար ՀՀ դրամը, ապա վերադաս ունեցող անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցող անձն իր նախաձեռնությամբ այն կամ բարեգործության է տրամադրում, կամ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունն ու գույքագրվում: Արդյունքում, նվերը՝ որպես բարեգործություն, կարող է տրամադրվել նախընտրելի անձի, եւ այն չի դառնա պետական սեփականություն:

Եթե գույքային սպառողական նվերն իր արժեքով գերազանցում է 100 հազար դրամը, ապա վերադաս ունեցող անձն այդ մասին հայտնում է իր վերադասին: Դրանով իսկ պաշտոնատար անձը կարող է ընդունել, օրինակ՝ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույցը՝ ընդամենը հայտնելով վերադասին: 

Նկատենք, որ դեռեւս գործող օրենքով սահմանված չէ, թե որն է գույքային ոչ սպառողական նվերը: Պարզ չէ նաեւ վերադաս չունեցող անձի կողմից 100 հազար ՀՀ դրամը գերազանցող սպառողական նվեր ընդունելու հետեւանքը: