Ռազմահայրենասիրական կրթությունը, ընդհանուր առմամբ, հայրենասիրության մասն է կազմում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Հայաստանը, նրա խոսքով, քաղաքակիրթ երկիր է, եւ տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունեն ռազմահայրենասիրական կրթության վերաբերյալ։ Ռազմահայրենասիրական կրթությունը միայն զենքի ու ռազմական գործի մասին գիտելիքները չեն։ Երկրում որոշակի հող պետք է պատրաստվի երիտասարդության շրջանում համապատասխան ռազմահայրենասիրական կրթության համար. «Մենք  պետք է հենվենք մեր արժեքների վրա, բայց, միաժամանակ, Հայաստանը չպետք է լինի ռազմականացված երկիր»,–նշեց նա։ 

Միաժամանակ, Կոմանդոսը նկատեց, որ երկրում գրեթե ամեն քաղաքական կուսակցություն ունի երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության իր տեսլականը, հետեւաբար, այստեղ ամեն ինչ իր տեղում չէ եւ մի շարք հարցեր կան, որոնք լուծում են պահանջում։
Կոմանդոսը բերեց իր օրինակը՝ նշելով, որ ինքը՝ լինելով սովետական սպա, որն անցել է սովետական ռազմական դպրոց, անցել է Հայաստանի անկախության կողմնակիցների կողմը։ «Ես երբեք չեմ մտածել, որ կգնամ սովետական համակարգի դեմ պայքարի։ Իմ կինը մասնակցում էր շարժմանը, իսկ ես չէի մասնակցում: Պատահեց մի դեպք, որը ինձ ստիպեց գնալ Ղարաբաղ: Ես ռուսական բանակի սպա էի: Մի օր կարիք եղավ, որ դեղորայք տանեմ Ղարաբաղ: Ղարաբաղում ես տեսա 14 տարեկան տղայի, ում ոտքը գանգրենա էր ու ադրբեջանցիները թույլ չէին տալիս Հայաստան տեղափոխել: Ես մնացի Արցախում եւ իմ հիմնական գիտելիքները ձեռք բերեցի Արցախում: Կյանքը ինձ ստիպեց փոխել մտածելակերպս»,–հիշեց նա։ 

Արկադի Տեր–Թադեւոսյանը ընդգծեց, որ հայրենասիրական դաստիարակության հարցում հասարակությունը իրար չի հասկանում։ Իրավիճակը, նրա կարծիքով, ավելի է խորանում երկրում սոցիալ–տնտեսական ծանր վիճակով, արտագաղթի բարձր տեմպերով։ 

NEWS.am–ի թղթակցի հարցին, թե ռազմահայրենասիրական դաստիարակությունը եւ հայրենասիրությունը չպե՞տք է որոշակի նյութական բազա ունենան եւ չհիմնվեն էմոցիաների վրա՝ Կոմանդոսը համաձայնվեց եւ ավելացրեց, որ Հայաստանում, ըստ էության, չկան անհրաժեշտ սոցիալական երաշխիքները։