«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլարշավի ճամբարը տեղակայվել է Տավուշի մարզի  Ֆիոլետովո գյուղի մոտակայք, «Դիլիջան» ազգային պարկի մոտ։  Այս մասին իր ֆեյբուքյան էջի միջոցով տեղեկացրել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնել է, որ այսօր 22 հազար 800 քայլ են կատարել։

Նրանք այստեղ կլուսացնեն եւ լուսաբացից կշարունակեն «Իմ քայլը» քայլարշավը դեպի Ազատության հրապարակ։

Նշենք, որ քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները: Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ կամ 3500 քայլ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի 5 խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով: «Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: