ԱԼՄ հեռուստաընկերության աշխատակիցները դատական հայց են ներկայացնելու Հեռուստատեսության եւ ռադոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) դեմ: Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԼՄ հեռուստաընկերության ղեկավար, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:

Քաղաքական գործիչը նշեց, որ թեեւ իր խորհրդով են աշխատակիցները նման քայլի դիմել, բայց ինքն անձամբ դատարան չի դիմի:

«Ես ոչ մեկին դատի չեմ տալու, ես մեղադրելու եւ պայքարելու եմ մինչեւ վերջ: Դա ավելի լավ է, քան դատի տալը, մանրանալը, ժամանակ ձգելը»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Իսկ ԱԼՄ-ի աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ իրենք ավելի ուշ կներկայացնեն դատական հայցի մանրամասնությունները:

Նշենք, որ հունվարի 21-ից ԱԼՄ հեռուստաընկերությունն այլեւս եթեր չի հեռարձակվի, քանի որ ՀՌԱՀ-ի որոշմամբ թվային հեռարձակման կապուղիների մրցույթում նա պարտվեց «Երեւան» հեռուստաընկերությանը: