Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար նախադեպ կարող են լինել ՄԱԿ-ի 192 անդամ-պետություններում ինքնորոշման գործընթացները: Այդ մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման գործընթացն այն ուղին է, որով ընթանում է միջազգային հանրությունը»,- ասել է Նալբանդյանը: Նա հիշեցրել է, որ բանակցությունների սեղանին դրված են փաստաթղթեր՝ հիմնված երեք սկզբունքների՝ պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վրա:
«Այսօր միջազգային հանրության եւ հայկական կողմի դիրքորոշումները ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ չեն տարբերվում: Միջազգային հանրությունն ասում է, որ 3 սկզբունքներն ու 6 տարրերը մեկ ամբողջոթյուն են եւ չեն կարող առանձնացվել: Նույն բանն ասում է հայկական կողմը: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Ադրբեջանն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասում: Բաքուն ասում է. «Եթե այս, ուրեմն այն, եթե ոչ այս, ուրեմն ոչ այն, եւ այդպես շարունակ»,- հստակեցրել է Նալբանդյանը:
Նախարարը նշել է հայկական կողմի համար բանակցային ձեւաչափի փոփոխման անթույլատրելիությունը:




























