Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր՝ հունվարի 14-ին հրավիրած ասուլիսում մի քանի ամոթանք տվեց ՀՀ տնտեսական քաղաքականությունը ներկայացնողներին՝ ստելու եւ տնտեսագիտական «հիմարություններ դուրս տալու համար»:

Առաջին ամոթը բաժին ընկավ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին, ով կեղծում է ձվի վերաբերյալ տվյալները։ Ըստ Բագրատյանի՝ սուտ է այն վիճակագրությունը, ըստ որի Հայաստանն արտադրել է 700 մլն հատ ձու։ Ստացվում է, որ ձվի արտադրությունը աճել է, բնակչությունը նվազել 100 հազարով, իսկ ձվի գինն աճել է։ Բագրատյանը «ամոթ» որակեց նաեւ այն հանգամանքը, որ Իրանից ձու ենք ներկրում։

Երկրորդ ամոթը պատկանում է ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին։ «Իր այդ մակարդակով չի ամաչում՝ ժուռնալիստների առաջ ասուլիս է տալիս»,- ասաց նախկին վարչապետը, իսկ Գ. Մինասյանին հորդորեց ներողություն խնդրել գների վերաբերյալ սխալ կանխատեսումների համար։

Հաջորդ ամոթը, բնականաբար, վարչապետ Տիգրան Սարգսյանինն է։ Ներկայիս վարչապետը, նախկին վարչապետի կարծիքով, ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ մի գիրք չի կարդացել, եւ չունի այնքան ինտելեկտ, որ վերլուծություններ անի։ Որպես անգրագիտության օրինակ նշվեց Տ. Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը զգալի ֆինանսական պաշարներ է կուտակել։ «Պաշարները պետք է լինեն միայն Կենտրոնական բանկում, իսկ դրանից դուրս պաշարներ կուտակելը միայն վնաս է»,- ասաց Բարգրատյանը։