Հունգարիայի վարչապետ եւ «ՖԻԴԵՍ-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցության նախագահ Վիկտոր Օրբանը հայտարարել է երկրի խորհրդարանական ընտրություններում իշխող կոալիցիայի հաղթանակի մասին: Նա այս մասին հայտարարել է իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս:

Օրբանը նախընտրական մրցարշավը «լուրջ պայքար» է անվանել եւ նշել, որ իր, նաեւ իր կողմնակիցների համար այս հաղթանակն անչափ կարեւոր է, քանի որ իրենք «Հունգարիան պաշտպանելու հնարավորություն են ստանում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հունգարիայի Ազգային ընտրական կոմիտեից ձայների 80,76 տոկոսի հաշվարկից հետո հայտնել են, որ Օրբանի ղեկավարած «ՖԻԴԵՍ-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունից եւ Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունից կազմված իշխող կոալիցիան առաջատարն է երկրի Պետական ժողովի (խորհրդարանի) ընտրություններում եւ խորհրդարանում երկու երրորդ ձայներով սահմանադրական մեծամասնություն է ստանում:

Նշվում է, որ իշխող դաշինքը խորհրդարանում ստանում է պատգամավորական 199 մանդատից 133-ը: Այսպիսով՝ այս ցուցանիշը հավասար է ձայների երկու երրորդով սահմանադրական մեծամասնությանը: