Բաղրամյանի, Նոյակերտի, Բուրաստանի եւ Ավշար-Այգեվանի պոմպակայանների վերականգնման նոր ժամանակացույցով աշխատանքներն կավարտվեն մինչեւ մարտի 15-ը: Այս մասին նշվել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» (ՀՄՀ) ծրագրերի շրջանակում մի շարք պոմպակայանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ընթացքում:

Նրան ուղեկցել են «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը եւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Տեղերում փոխվարչապետին ներկայացվել են կատարված աշխատանքների ծավալները: Ավշար-Այգեվանի պոմպակայանում իրականացվել է ընդհանուր աշխատանքների 30,  Նոյակերտի պոմպակայանում` 15,  Բուրաստանի եւ Բաղրամյանի պոմպակայաններում` 60-65 տոկոսը: Բոլոր շինհրապարակներում պատասխանատուները եւս մեկ անգամ վստահեցրեցին, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում:  

Ա. Գեւորգյանն այցելել է նաեւ «Մխչյան 1» պոմպակայանի շինհրապարակ, որտեղ  աշխատանքների հիմնական մասը` շուրջ 70 տոկոսն արդեն կատարվել է: Առաջիկայում կավարտվեն մնացած աշխատանքները եւ կսկսվի պոմպակայանի վերազինումը: Անհրաժեշտ սարքավորումների հիմնական մասն արդեն ներկրված է:

Փոխվարչապետը կարեւորել է պոմպակայանների գործարկումը մինչ նոր ոռոգման շրջանի սկիզբը եւ հորդորել ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաեւ հատուկ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին: