Եթե տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ապա ՀՀԿ-ն եւ իշխող կոալիցիան կստանա ձայների 7-8 տոկոսը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 14-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Լիբերալ կուսակցության նախագահ Հովհանես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ձայների այդ տոկոսը կոալիցիան ձեռք կբերի բացառապես վարչական ռեսուրսի միջոցով։
«Իրականում, ՀՀԿ-ն, որը 15 տարի է՝ իշխանության մեջ է, հասարակությանն այլեւս ասելիք չունի, եւ ոչինչ չի արել ժողովրդի համար։ Ինչ արել են, արել են իրենց համար, իրենց թիմի համար։ Նրանց թիմի անդամները, շուրջ 20-30 ընտանիք, Հայաստանի ունեցվածքի ճնշող՝ 70-80 տոկոսի տերն են դարձել»,-հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ եթե այսօր խոսում են նախկին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդ դոլարի հասնող կարողության մասին, վաղը կարող են խոսել Սերժ Սարգսյանի ունեցվածքի մասին։ «Պատկերացրեք, եթե այդ միլիարդները մնային մեր տնտեսության մեջ, ապա մենք երկու անգամ ավելի լավ կապրեինք. գոնե պարենային ապրանքները ավելի էժան կլինեին»,-նշեց ՀԱԿ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա, Լիբերալ կուսակցության խոսքով, ՀԱԿ-ը մի ընդդիմություն է, որի նմանն իրականում չի եղել, նույնիսկ հետխորհրդային երկրներում։ «Այն ազգային հարստություն է: Անցած երեք տարվա մեջ մենք բաց ենք աշխատել, չենք տվել կասկածանքի առիթ, որ Կոնգրեսը ներսում առողջ չէ»,-հայտարարեց Հովհաննիսյանը։ Նա նաեւ հավելեց, որ ՀԱԿ-ը ոչ միայն պատրաստ է, այլ նաեւ պարտավոր է իր վրա վերցնել երկրի կառավարման բեռը եւ ամեն ինչ սկսել նոր կետից, այդ թվում նաեւ ԼՂ բանակցային գործընթացը։





























