Հայաստանում կոալիցիոն կառավարությունն ու նախարարների ինստիտուտը ձեւավորվում է խայտառակ սկզբունքով. ամոթ է 21-րդ դարում այս ոճով  երկիր կառավարել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 14-ին նման հայտարարություն արեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Լիբերալ կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար  Հովհաննես Հովհաննիսյանը։

«Պատահական մարդկանց փողոցից բերում, նշանակում են նախարար, ով մի երկու տարվա ընթացքում քանդում է համակարգը, հետո կոալիցիայի անդամ կուսակցությունը ժողով է անում, հանում է այդ մարդուն, հետո մեկ այլ պատահական մարդու փողոցից բերում եւ դնում է նախարար։ Պատգամավորական եւ նախարարական տեղերը աճուրդի հանելով երկիր չեն կառավարում»,-հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

Նա նշեց, որ երկրում տիրող իրավիճակի մեղավորը ոչ թե վարչապետը կամ այլ չինովնիկ է, այլ ստեղծված ռեժիմը, որը պետք է հեռանա։ «Այս կլանը վերարտադրվելու որեւէ ռեսուրս չունի»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը եւ հավելեց, որ ուղղվելու որեւէ հնարավորություն չունեն։

«Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի վիճակը շատ ծանր է. նա խայտառակ բեռ ստացավ Քոչարյանից։ Այդ բեռին ավելացավ մարտի 1-ը, հարյուրավոր քաղբանտարկյալներ։ Փոխանակ Սերժ Սարգսյանը փորձեր թոթափել բեռն իր վրայից, որպեսզի ավելի ազատ լիներ, թեկուզ չընտրված պայմաններում հայ-թուրքական հարցն ու ԼՂ խնդրի լուծումն առաջ տանել, նա իր շալակին ավելի ու ավելի շատ բեռ ավելացրեց»,-ընդգծեց ընդդիմադիր գործիչը։