Եվրահանձնաժողովը հետեւում է Սիրիայում իրավիճակի զարգացմանը եւ մի քանի աղբյուրների տվյալների հիման վրա գտնում է, որ Դամասկոսի մոտ Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման համար մեղավոր են երկրի իշխանությունները: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հետեւում ենք իրավիճակի զարգացմանը, նայել ենք մի քանի աղբյուրներ: Եվ բոլորը բերել են այն ամուր համոզման, որ քիմիական հարձակման համար պատասխանատու է սիրիական ռեժիմը»,- ասել է Կոսյանչիչը՝ պատասխանելով հարցին, թե ԵՄ-ն սիրիական իշխանությունների մեղավորության ինչ ապացույցներ ունի:
Նախօրեին Եվրամիությունը Սիրիայի իշխանություններին եւ նրա դաշնակիցներին մեղադրել էր Դումայում քիմիական զենքի կիրառման մեջ: Հայտարարության մեջ նշվում էր, որ ապացույցները վկայում են ռեժիմի կողմից եւս մեկ քիմիական հարձակման մասին: Ընդգծվում էր, որ ԵՄ-ն սաստիկ մտահոգված է, որ շարունակվում է քիմիական զենք կիրառվել, հատկապես՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ, եւ «միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ պատասխան միջոցառումներ ընդունել»:
Սիրիա-ամերիկյան բժշկական միության (Syrian American Medical Society — SAMS) կազմակերպությունից հայտարարել էին, որ Դումայի վրա նետվել է քլորային ռումբ: Ինչպես հստակեցրել էին բժիշկները, արկն ընկել էր քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, նրանց տեղեկություններով, Ասադի ուժերը քաղաքի վրա երկրորդ հարձակումն էին կատարել՝ «միախառնված ագենտների», այդ թվում՝ նյարդային նյութերի օգտագործմամբ: SAMS-ի տեղեկություններով՝ այդ ռումբն ընկել էր հիվանդանոցին կից շենքի վրա: Այս հարձակումների հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը ինչպես Reuters-ին հայտնել էր ԱՄՆ-ում SAMS-ի փոխնախագահ Բազել Թերմանինին, կազմել է 35 մարդ: Ըստ որում՝ BBC-ի աղբյուրները հայտնել էին Դումայում 70 զոհի մասին:
ԱՄՆ Պետքարտուղարությունն արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ գերատեսչության ներկայացուցիչները ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Պետքարտուղարությունում մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:
- ԵՄ-ն Դումայում քիմիական զենքի կիրառման համար մեղադրել է Սիրիայի իշխանություններին եւ նրա դաշնակիցներին
- Սիրիայում քիմիական հարձակումների հետ կապված ԱՄՆ հայտարարությունն Իրանում Ասադի դեմ դավադրություն են անվանել
- Հռոմի Պապը դատապարտում է թունավոր գազի կիրառումը Սիրիայում
- Սպիտակ տունը չի բացառել ռազմական գործողությունները Սիրիայի դեմ՝ Դումայում քիմիական հարձակման մասին լուրերի ֆոնին
- Թրամփ. Ասադին աջակցելու համար պատասխանատու են նախագահ Պուտինը, Ռուսաստանը եւ Իրանը
- Բորիս Ջոնսոնը կոչ է արել անհապաղ հետաքննել սիրիական Դումայում տեղի ունեցած իրադարձությունները
- ՌԴ ՊՆ-ից հերքել են սիրիական Դումայում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման վարկածը




























