Այսօր՝ հունվարի 14-ի կեսօրին Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի շուրջ 150-200 բնակիչներ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ակցիա են անցկացրել, ովքեր ՀՀ նախագահին ցանկացել են տեղեկացնել իրենց գյուղապետի եւ նրա հարազատների կողմից կատարված ապօրինությունների եւ ահաբեկումների մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2010-ի դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն, որ ինքն ականատես է եղել, որ իրեն անծանոթ մի քանի երիտասարդներ Էջմիածին քաղաքից դեպի Չոբանքարայի զորամաս տանող ճանապարհին մի քաղաքացու ծեծելով ստիպողաբար նստեցնում են «Մերսեդես E 320» մակնիշի 07 ՏՏ 907 համարանիշի մեքենա:
Շտապ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ հատվածում հայտնաբերել է BMW 316 մակնիշի 05 ՕՍ 109 համարանիշի մեքենան, դռները բաց, բանալիները մեքենայի վրա:
Հաջորդ օրը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Էջմիածնի բաժնի աշխատակիցները պարզել են, որ դեկտեմբերի 30-ին, ժամը 12-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ճանապարհի նշված հատվածում Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 44-ամյա բնակիչ Սարգիս Խորենի Մկրտումյանի BMW-ն կանգնեցրել էր «Մերսեդեսի» ուղեւորները, ովքեր նույնպես Եղեգնուտից են: «Մերսեդեսի» մեջ են եղել ոմն Գնելի որդի Հովսեփը, նրա հորեղբոր որդի Արայիկը եւ նրանց երեք ընկերները: Վերջիններս վիճաբանել են Սարգիս Մկրտումյանի եւ նրա մեքենայում գտնվող իր հորեղբոր թոռան, 26-ամյա Աբգար Քաջիկի Մկրտումյանի հետ, որի ընթացքում Հովսեփը փայտով հարվածել է Աբգարի ծնոտին, պատճառելով մարմնական վնասվածք: Սարգիս եւ Աբգար Մկրտումյանները թողել էին BMW-ն ու դիմել փախուստի:
Փախուստի ժամանակ «Մերսեդեսի» ուղեւորները նրանցից մեկին բռնի նստեցրել էին «Մերսեդեսը» եւ տարել: Եղեգնուտցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել էին, որ Հովսեփը Եղեգնուտի բնակիչ 25-ամյա Հովսեփ Գնելի Մարգարյանն է, իսկ Արայիկը Երեւանի Ռոստովյան 48 տան բնակիչ 31-ամյա Արայիկ Պետիկի Մարգարյանը: Վերջիններս Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի եղբոր որդիներն են:
Այսօր, ՀՀ նախագահի նստավայրի առաջ ակցիայի մասնակիցները պատմում էին, որ գյուղապետն ու նրա ազգականները ողջ գյուղը սարսափի ու տեռորի մեջ են պահում: «Այն գյուղացիները, ովքեր ընտրությունների ժամանակ ձայն չեն տվել իրենց, համարվում են իրենց թիվ մեկ թշնամին: Գյուղապետն ասում է, թե 70 հազար տվել գյուղապետ եմ դառել, եղբորս տղան էլ նախագահի ապարատում է աշխատում, ոչ մի պրոբլեմ չունեմ: Պետք լինի սաղիդ գյուղից կաքսորեմ, մի 70 հազար էլ կտամ մարզպետին ու կպրծնեմ: Երեք անգամ դիմել ենք մարզպետին, ոչինչ չի ձեռնարկում: Առաջին օրը միլիցեքը եթե մի քիչ ուշանային, Նոր տարվա փոխարեն մեր տներում սուգ ու շիվան էր լինելու: Չնայած քանի հոգու գյուղապետի ախպերներն այնպես են ծեծել, որ ջահելների կեսը տնային պայմաններում բուժում են ստանում»,- պատմում էր գյուղացիները: Նրանց խոսքով, սա վրեժ է:
Գյուղացիների հիմնական խնդրանք-պահանջը նախագահից այն է, որ Արմավիրի ոստիկանությունում քննվող գործը կատարվի օբյեկտիվ, մեղավորները պատասխան տան եւ գյուղում հաստատվի նորմալ մթնոլորտ, որ երեխաները հանգիստ դուրս գան տներից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ դեկտեմբերի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում Եղեգնուտի բնակիչ 25-ամյա Հովհաննես Աշոտի Ներսիսյանը, վարելով «ՎԱԶ-2109» մակնիշի 07 ԼՍ 848 համարանիշի մեքենան, Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհի առաջին կիլոմետրի հատվածում շրջվել էր ջրատարը, որի հետեւանքով նա եւ ուղեւորներ, 30-ամյա Գարիկ Սարգիսի Ներսիսյանը եւ 42-ամյա Հովհաննես Խորենի Մկրտումյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արմավիրի քաղաքային հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Եղեգնուտցիները նշում էին, որ սա կապ ունի վերը նկարագրված դեպքի հետ: Բոլոր մեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Արմավիրի տուգանային հրապարակ, իսկ Աբգար Մկրտումյանին տրվել է դատաբժշկական ուղեգիր:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները արդեն հայտնաբերել եւ Արմավիրի ոստիկանության տուգանային հրապարակ են տեղափոխել գյուղապետին եւ նրա հարազատներին պատկանող երեք «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենաները: Ձեռնարկվում են օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու մյուս 2 «Մերսեդեսները»:









Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























