Այսօր՝ հունվարի 14-ի կեսօրին ինքնակամ ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 26-ամյա Արման Արմենի Սանոյանը, ում ոստիկանությունը կասկածում է Նոր Խարբերդի բնակիչ Գեւորգ Վանուշի Սարգսյանին սուր կտրող-ծակող գործիքով հարվածելու եւ մահ պատճառելու մեջ:

Ինչպես ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ հունվարի 11-ին Նոր Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկից Մասիսի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շտապօգնության մեքենայում մահացել էր դանակահարված մի երիտասարդ:

Մասիսի հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները պարզել էին, որ մահացածը Նոր Խարբերդի բնակիչ, 32-ամյա Գեւորգ Վանուշի Սարգսյանն է:

Հարեւանները նշել էին, որ այդ օրը 7-րդ փողոցի 22-րդ տան դիմաց տեղի էր ունեցել վիճաբանություն. ինչ-որ երիտասարդներ հայհոյել էին միմյանց, անգամ նրանցից մեկն ասել էր. «Ախպեր, դանակը պահի, դանակը պահի»: Սակայն վեճը վերածվել էր ծեծկռտուքի, որն ավարտվել է դանակահարությամբ:

Մինչ շտապօգնության բրիգադը դանակահարված երիտասարդին կհասցներ հիվանդանոց, նա ճանապարհին մահացել էր:

Դեպքի վայրում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներն ու ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժանմունքի քննիչները, փորձագետն ու քրեագետը հայտնաբերել էին արյան հետքեր:

Արդեն երեկոյան Շենգավիթի ոստիկանապետ Լեւոն Յազիչյանի կողմից ստեղծվել էր օպերատիվ խումբ եւ պարզվել էր վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Շենգավիթի ոստիկանության քրեական հետախուզության եւ քննչական բաժանմունքի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում 26-ամյա Արման Արմենի Սանոյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն):

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի