Ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացվում են երկրի նախագահի ընտրությունները:

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Պանախովը ԿԸՀ մեդիա կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում մանրամասն տեղեկություն է ներկայացրել ընտրությունների նախապատրաստման գործընթացի մասին՝ ասելով, որ այն կատարվել է բարձր մակարդակով, հայտնում է ԱՊԱ-ն:

Ընտրություններին 8 թեկնածու է մասնակցում՝ Իլհամ Ալիեւը՝ «Ենի Ազերբայջան» կուսակցություն, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Արազ Ալիզադեն՝ Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Հուդրաթ Հասանգուլիեւը՝ Ադրբեջանի Միացյալ ժողովրդական ճակատ կուսակցություն, Ֆարաջ Գուլիեւը՝ «Ազգային վերածնունդ շարժում» կուսակցություն, Հաֆիզ Հաջիեւը՝ «Մուասիր Մուսավատ» կուսակցություն, Ռազի Նուրուլաեւը՝ ժողովրդական ճակատի նախաձեռնողական խումբ, Սարդար Ջալալօղլուն՝  Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցություն:

Ճշգրտված ընտրացուցակների համաձայն՝ Ադրբեջանում կա 5 մլն 309 հազար 434 ընտրող, ներառյալ արտասահմանում գտնվող ընտրողները: Ընտրողների 50,78 տոկոսը կանայք են, 49,22 տոկոսը՝ տղամարդիկ: Ադրբեջանի 32 երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսարաններում ստեղծվել է 41 ընտրատեղամաս:

Քվեարկությունը կավարտվի 19:00-ին: Այնուհետեւ կսկսվի ձայների հաշվարկը:

Ընտրությունների ընթացքին հետեւելու համար հավատարմագրում են անցել 894 միջազգային եւ 58 175 տեղական դիտորդներ: Քվեարկության ընթացքին կհետեւեն 60 կազմակերպություններ, ներառյալ ԵԱՀԿ ԽՎ-ն, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն, ԱՊՀ առաքելությունը, ինչպես նաեւ 59 երկրներից միջազգային դիտորդական առաքելություններ:

Նշենք, որ ընտրությունները նախապես նախատեսված էր անցկացնել աշնանը, սակայն Ադրբեջանի նախագահ Ալիեւը որոշել էր ընտրությունները վաղաժամկետ անցկացնել եւ այն նշանակել էր ապրիլի 11-ին: