ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Չադի Հանրապետության քաղաքացիների մուտքի արգելքն ԱՄՆ: Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով  Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը:

Փաստաթղթում նշվում է, որ Չադի քաղաքացիների՝ գործարար եւ զբոսաշրջային վիզաներով մուտքը Միացյալ Նահանգներ երկրի շահերի համար «կործանարար հետեւանքներ չի ունենա»:

«Թրամփն այսօր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է, որ  Չադի Հանրապետությունը զգալիորեն բարելավել է իր նույնականացման տվյալների կառավարման եւ տեղեկատվության փոխանակման մեթոդները` Միացյալ Նահանգների անվտանգության հիմնական ստանդարտներին համապատասխանելու համար: Այս առնչությամբ Չադի քաղաքացիները կրկին կկարողանան վիզա ստանալ ԱՄՆ այցելելու համար», - նշվում է փաստաթղթում:

Չադն այն երկրների շարքում էր, որի քաղաքացիներին Թրամփն արգելել էր այցելել ԱՄՆ՝ ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված: Ցուցակում առավելապես մահմեդական բնակչությամբ եւս հինգ երկիր է ընդգրկված՝ Իրանը, Լիբիան, Սիրիան, Եմենը եւ Սոմալին:

Չադը պետություն է Կենտրոնական Աֆրիկայում, որը մինչեւ 1960 թվականը ֆրանսիական գաղութ էր հանդիսանում: Երկրի բնակչությունը շուրջ 11 միլիոն է, որի մոտ 60 տոկոսը մուսուլմաններ են: