Նյու Յորքի ապրանքային բորսայի մետաղների առեւտրի հարցերով ստորաբաժանումը (COMEX) հրաժարվել է աշխատել UC Rusal բրենդների հետ, հաղորդում է ՌԲԿ–ն։

Բորսայի հաղորդագրության մեջ նշված է, որ COMEX–ը չեղարկում է UC Rusal 11 բրենդների ֆյուչերսային երաշխիքների տրամադրման եւ ալյումինի մատակարարման թույլտվությունը։ Փոփոխությունը ուժի մեջ է մտնում անմիջապես։ Մատակարարումները չեղարկվել են UC Rusal բոլոր բրենդների համար։

«Այսպիսով, ալյումինի բրենդը, կորցնելով գրանցումը եւ երաշխիքները, չի կարող մատակարարում իրականացնել ֆյուչերսային պայմանագրերով»,–նշված է հաղորդագրության մեջ։ COMEX–ում նշել են, որ պահեստներում չկան նշված բրենդների ապրանքներ, որոնց նկատմամբ բորսան ունի պարտականություններ։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Լոնդոնի բորսան հայտարարել էր, որ ապրիլի 17–ին կդադարեցնի պատժամիջոցների ներքո հայտնված UC Rusal ընկերության հետ ալյումինի առեւտուրը։

UC Rusal–ը ապրիլի 6-ին հայտնվել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում։ Երկուշաբթի ընկերության բաժնետոմսերը Հոնկոնգի բորսայում 50 տոկոսով անկում են ապրել, UC Rusal–ի բաժնեմասերն էժանացել են նաեւ Մոսկվայի բորսայում։