Ազգային ժողովում մենք ականատես եղանք մի երեւույթի, որը վտանգի է ենթարկում Ազգային ժողովի շենքը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնի մոտ «Ելք» խմբակցության պատգամավորների իրականացրած ակցիային

Արա Բաբլոյանը, մասնավորապես, ասաց. «Մենք այստեղ քննարկում ենք մի օրինագիծ, որը նպատակ ունի պաշտպանել մարդկանց անդորրը, անվտանգությունը եւ այստեղ ականատես ենք լինում մի երեւույթի, որը վտանգի է ենթարկում ԱԺ շենքը, թունավոր նյութերի շնչելու պարտադրանք է առաջացնում այն պատգամավորներին, որոնք այստեղ աշխատում են:

Ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես ԱԺ նախագահ, այլ քաղաքացի ու բժիշկ, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որեւէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին ու քաղաքացիներին դնել այնպիսի վիճակի մեջ, որը վտանգում է նրանց առողջությունը կամ կյանքը: Դուք պատկերացնում եք, որ այստեղ լինի հրդեհ եւ այստեղ 700 աշխատակիցներ վտանգված կլինեն: Ես այդ արարքն անընդունել եմ համարում»:

Իր հերթին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «ԱԺ կանոնակարգ օրենքը մեզ հնարավորություն է տալիս դիմել համապատասխան քայլերի: Սա մսուր-մանկապարտեզ չի, Ազգային ժողով է»:

Ստեղծված իրավիճակին արձագանքեց նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ նշելով. «Խնդրում եմ լուրջ վերաբերվել իրավիճակին: Իրականում ակնհայտ է, որ սա դրդված քայլ է առ այն, որ կարողանանք ավելի լավ հասկանալ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Ակնհայտորեն այդ օդը, որ շնչում ենք, եւ իրավիճակը, որ պարոն Բաբլոյանը ներկայացրեց, ունի տեղ լինելու, բայց այնուամենայնիվ, «Ելք»-ի գործընկերները, որ նման քայլի են դիմել, փորձել են ուշադրություն գրավել: Խնդրում եմ դրան վերաբերվել որպես ըմբոստության քայլ եւ դրա հեգնանքն ու ծաղրանքը տեղին չէ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք» խմբակցության պատգամավորներն ԱԺ դահլիճում ակցիա իրականացրեցին՝ ողջ դահլիճը լցնելով գունավոր ծխով:

Ելույթի համար ամբիոնին մոտեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եւ հայտարարեց. «ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք խախտել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը եւ կերտել մեր երազանքների Հայաստանը: Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին գաք Ազատության հրապարակում, որտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»:

Այդ ասելուց հետո նա գրպանից հանեց ծուխ արձակող սարքեր (ֆայեր) եւ վառեց դրանք: Նրան միացավ նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, որը եւս վառեց իր ձեռքին եղած ֆայերները: ԱԺ ամբողջ դահլիճը լցվեց գունավոր ծխով: