Կեմերովոյի մարզի Ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ Աման Տուլեեւը դատախազությանը խնդրել է իր եկամուտները ստուգել՝ կապված լրատվամիջոցների տեղեկությունների հետ, ոըոնք, նրա կարծիքով, վիրավորանք են եւ սուտ: Խորհրդի կայքի հաղորդագրության մեջ նշված է, որ Տուլեեւի «անհամար հարստութկյունների մասին տեղեկությունները բացասական բնույթ ունեն, բնակչությանն ապատեղեկացնում են, Ժողովրդական պատգամավորերի խորհրդի նախագահին եւ նրա ընտանիքի անդամներին բարոյապես նվաստացնում»:

«Համացանցում տեղեկություններ են հրապարակվում Աման Տուլեեւի անհամար հարստությունների, գանձերի եւ այն մասին, որ մարզային խորհրդարանի ղեկավարը տնօրինում է «գրեթե մի ամբողջ քաղաքի», տարածվում են անհասկանալի է ում կողմից եւ որտեղ կատարված «կալվածքների» լուսանկարներ ու տեսանյութեր: Այս կապակցությամբ Աման Տուլեեւը Կեմերովոյի մարզի դատախազ Պավել Բուխտոյարովին է դիմել պաշտոնական խնդրանքով՝ ստուգել իր եկամուտների, ծախսերի մակարդակը, իրեն պատկանող գույքը, իրականությանն արդյոք համապատասխանում են լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները եւ պաշտոնական պատասխան տալ»,- ասել են Կուզբասի խորհրդարանից:

Աման Տուլեեւի 2016 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա եկամուտները կազմել են 5,42 մլն ռուբլի: Մեկ տարի առաջ դրանք կազմում էին 5,18 մլն ռուբլի: ՌԴ բանկերում Տուլեեւի անվամբ բացվել է 971,7 հազար ռուբլի գումարով 2 հաշվեհամար: Կուզբասի նահանգապետի եկամուտների մեծ մասը՝ ավելի քան 2,9 մլն ռուբլի բաժին է ընկնում  ժողովրդական նահանգապետի եւ Կեմերովոյի մարզի պատվավոր քաղաքացու վճարումներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՏԱՍՍ-ը, Կեմերովոյի մարզի 2018 թվականի բյուջեում պակասուրդն ամրագրված է 3 մլրդ 890 մլն ռուբլի չափով: Ինչպես սպասվում է, 2017 թվականի համեմատությամբ եկամուտները կնվազեն 33,37 տոկոսով՝ մինչեւ 111 մլրդ 211 մլն ռուբլի, ծախսերը՝ 21,2 տոկոսով, մինչեւ 115 մլրդ 101 մլն ռուբլի:

Աման Տուլեեւի ղեկավարությամբ շրջանի հիմնական կապիտալ ներդրումներն աճել են 21,5 անգամ (անվանական արտահայտությամբ): Եթե 1997 թվականին մարզ է ներգրավվել 9 տրլն 686 մլրդ ռուբլի ներդրում, ապա 2017-ին ծավալը կազմել է 208 մլրդ 126 մլն ռուբլի: Այս ցուցանիշով մարզը ՌԴ սուբյեկտների վարկանիշում 10 դիրք զիջել է՝ 1997 թվականի 11-րդ տեղից իջնելով 2017-ին 21-րդ տեղ:

Աման Տուլեեւը նահանգապետի լիազորություններից հրաժարվել է ապրիլի 1-ին, Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհից հետո, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 60 մարդ: Նա նահանգապետի պաշտոնը փոխարինել է  մարզային խորհրդի խոսնակի պաշտոնով: Նրա թեկնածության օգտին էր քվեարկել 39 խորհրդարանականներից 38-ը: