Գյումրի-Պեմզաշեն էլեկետրագնացքը, որը հունվարի 15-ից նախատեսվում էր հանել շահագործումից, կաշխատի մինչեւ փետրվարի 1-ը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հաղորդեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Վահե Դավթյանը:

«Երկաթուղու աշխատանքները հետաձգել ենք, որովհետեւ էլեկտրասեկցիայի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք պետք է ճշտենք Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ: Միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացվի: Ամեն դեպքում հրամանի ուժի մեջ մտնելը հետաձգված է մինչեւ փետրվարի 1-ը»,-ասաց Վահե Դավթյանը:

Նշենք, որ օրեր առաջ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը որոշում էր կայացրել հունվարի 15-ից հանել Գյումրի-Արթիկ-Պեմզաշեն երթուղին՝ քիչ ուղեւորահոսքերի պատճառով:

«Օրական 6-9 մարդ էր օգտվում էլեկտրագնացքից: Տնտեսական նկատառումներից ելնելով, նպատակահարմար չի այդ բավականին ծախսատար էլեկտրագնացքը շահագործել»,-նշեց մամուլի խոսնակը:

Գյումրի-Արթիկ-Պեմզաշեն երթուղու հանումը հնարավոր է գործազուրկ թողնի այդ կայարանների շուրջ 10 երկաթուղայիների:

Հիշեցնենք նաեւ, որ հունվարի 12-ին պեմզաշենցիները փակել էին Գյումրի-Պեմզաշեն երկաթգծի մի հատվածը` պահանջելով չհանել երթուղին: