«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ ապրիլի 17–ին վարչապետի ընտրության օրը իրենց դաշինքը կքվեարկի արժանապատիվ։ NEWS.am–ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ միաձայան են քվեարկելու, թե ինչպես, դեռ փակագծերը չի բացում։
Հիշեցնենք, որ թեկնածու է առաջադրելու միայն Հանրապետական կուսակցությունը։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արդեն հայտարարել է, որ քննարկվել է միայն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկաբաթ օրը՝ խորհրդի նիստում պաշտոնապես կառաջադրեն։
«Առաջիկայում մեր խորհրդի նիստին կքննարկենք հարցը։ Հիմա կարող եմ ասել, որ ապրիլի 17–ին «Ծառուկյան» դաշինքը կգա քվեարկության մեկ միասնական որոշմամբ։ Ազատ քվերակություն չի լինելու։ Վստահաբար նաեւ կարող եմ ասել, որ դա լինելու է արժանապատիվ քվեարկություն»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Դիտարկմանը՝ արժանապատիվ ասելով նկատի ունի «դե՞մ», Զոհրաբյանն արձագանքեց. «Ես պատասխանեցի՝ լինելու է արժանապատիվ քվեարկություն»։
Հիշեցնենք՝ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ էր քվեարկել ՀՀԿ–ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։ Նախնական տեղեկություններով՝ «Ծառուկյան» խմբակցությունը մտադրվել է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը։ Վերջինիս ընտրվելու համար բավական են ՀՀԿ–ՀՅԴ ձայները։ Քվեարկությանը չի մասնակցի «Ելք» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մարտի 31–ից Լոռու մարզից քայլարշավ է սկսել դեպի Ազատության հրապարակ։ Ապրիլի 13–ին կհասնեն Ազատության հրապարակ մինչեւ ապրիլի 17–ը հանրահավաքներ կանեն, իսկ 17–ին բազմությունը կշարժվի Բաղրամյան պողոտա։ Ըստ Նիկոլ Փաշինյանի սցենարի՝ պետք է շրջափակեն Ազգային ժողովի շենքը, որ կանխեն պատգամավորների մուտքը խորհրդարան, այդպիսով նաեւ կկարողանան տապալել վարչապետի ընտրությունը։ Փաշինյանի պայքարին չեն միացել «Ելք» դաշինքի «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների պատգամավորները։ Սերժ Սարգսյանի դեմ պայքար են սկսել «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը եւ Հանուն Հայաստան պետության ճակատը։




























