Նախորդ գիշեր Ֆրանսիայի հրապարակում մնացել է ուղիղ 190 հոգի. սա նշանակում է, որ գիշերները լրջագույն վտանգի ենք ենթարկում այս ոգեղեն շարժումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է ապահովենք, որ այս հրապարակը լինի բազմամարդ, շուրջօրյա, որովհետեւ այսպիսի հրապարակի դեմ չկա ոստիկանական գործողություն եւ չի կարող լինել: Ես մնալու եմ այս հրապարակում եւ եթե կա ժողովուրդ, որ մնում է ինձ հետ, ես ողջունում եմ, թող մնա, որ միասին գնանք Ազգային ժողով: Այս ուղերձ ուղղված չէ միայն նրանց, որոնք այս պահին հրապարակում են, այլեւ նրանց, որոնք որոնք ներկա չեն այստեղ»,-ընդգծեց նա:
Փաշինյանը եւս մեկ անգամ համերաշխության ուղերձ հղեց Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերին եւ քաղաքական գործիչներին. «Մենք իրավունք չունենք հիասթափեցնել մեր ժողովրդին, որովհետեւ հերթական հիասթափության պարագայում մենք նրա համար կլինենք ավելի ատելի, քան Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն: Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա շատ լավ գիտակցենք»:
Փաշինյանի ելույթից հետո հանրահավաքն ավարտվեց եւ միացրեցին երաժշտություն:




























