Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի ստորագրել երկրի խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնք ենթադրում են հանրաքվեի անցկացում՝ նախագահի լիազորոթյունները երկարաձգելու հարցով:

Փոփոխությունները ուղարկվել են քննարկման Ղազախստանի Սահմանադրական խորհուրդ: Ինչպես հայտնել է խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլայ Բելոռուկովը, փոփոխությունների քննարկումը կտեւի մեկ ամիս՝ սկսած նախագահի դիմելու օրվանից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդուհանդերձ, ըստ Բելոռուկովի, եթե «հարցը հետաձգում չի հանդուրժում», նախագահը իրավունք ունի արագ քննարկում պահանջել, այսինքն քննարկումը կտեւի 10 օր:

Հունվարի 14-ին Ղազախստանի խորհրդարանի երկու պալատները միաձայն հավանություն են տվել սահմանադրական փոփոխություններին, որով հնարավոր կդառնա հանրաքվեի միջոցով Նազարբաեւի լիազորություններն ավելացնել մինչեւ 2020 թվականը: