Սինգապուրի Հայկական ժառանգության կոմիտեն հոկտեմբերի 4-ից նախատեսում է երկրում անցկացնել Սինգապուրի հայկական համայնքին նվիրված միջոցառումներ։ Կոմիտեն հույս ունի, որ միջոցառումներին ներկա կլինեն մեծ թվով հայեր։ Տոնակատարությունները, որոնք կտեւեն մեկ շաբաթ, ներառում են երկրի զարգացման գործում հայ համայնքի ունեցած ներդրումը լուսաբանող մշակութային, տնտեսական ու տարբեր այլ միջոցառումներ։

Միջոցառումները բաց են այն բոլոր մարդկանց համար, ովքեր կցանկանան ամրապնդել Հայաստանի, Սինգապուրի ու հայ համայնքի հետ կապերը։

Միջոցառումների ժամանակ ելույթ կունենան նաեւ հայ արտիստներ, իսկ նրանց ելույթներին ներկա կգտնվեն երկրի բարձրաստիճան անձինք։ Կազմակերպիչները տոնակատարություններին այցելելու կոչով դիմում են աշխարհի բոլոր հայերին, ինչպես նաեւ Հայաստանի կառավարությանը։ Կազմակերպիչները պատրաստվում են նաեւ գալա-երեկույթի ժամանակ պատմել «Մետաքսի մեծ ճանապարհի» ժամանակներում Սինգապուրի եւ այլ երկրների զարգացման գործում հայերի ներդրած ավանդի մասին։

Կոմիտեի նախագահ Պոլ Ղազարյանը հայտնել է, որ «այդ միջոցառումները հնարավորություն կընձեռեն ողջ աշխարհի հայերին` տեղեկանալ Սինգապուրի զարմանալի հաջողությունների մասին»։

Սինգապուրում ԱՄՆ նախկին դեսպան եւ Հայկական ժառանգության կոմիտեի ներկայիս համանախագահ Ֆրանկ Լավինն ասել է, որ «սա հայկական համայնքի ու Սինգապուրի հետ վերջինիս կապերի ամրապնդման հիանալի հնարավորություն է»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-19-ը Սինգապուրի ԱԳՆ ղեկավար Լի Կուան Յուն պաշտոնական այցով կժամանի Հայաստան ու կհանդիպի ՀՀ նախագահ Սարժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդի, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։