Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննության գործով գլխավոր մեղադրողը հայտնել է, որ տեքստի սեւագիրը հանձնվել է Հաագայի տրիբունալի դատավոր Դանիել Ֆրանսենին։
Տրիբունալի անդամները հայտարարել են, որ այս փուլում բոլոր նյութերը պահպանում են գաղտնի բնույթը։
Մեղադրական եզրակացության բովանդակությունը կհրապարակվի ոչ շուտ, քան 6-10 շաբաթ հետո:
Գործող վարչապետ Սաադ Հարիրիի հետ ունեցած բազմաթիվ տարաձայնությունների հետեւանքով «Հըզբոլահ» խմբավորումն անցած շաբաթ դուրս էր եկել լիբանանյան կառավարության կազմից՝ մատնանշելով տրիբունալի աշխատանքը։
«Հըզբոլահի» առաջնորդ Հասան Նասրալան իր ելույթում վարչապետին անվանել էր «պաշտոնի համար ոչ պիտանի» եւ նրան մեղադրել երկրում քաղաքական ճգնաժամի խորացման մեջ։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Լիբանանի նախկին վարչապետի սպանությունը նախատեսել են «Հըզբոլահի» օպերատիվ բաժանմունքի ղեկավար Իմադ Մուղնիեն եւ իրանցի հրամանատար Քասեմ Սուլեյմանին։ Համաձայն զեկույցի՝ զինված խումբը, որն անմիջականորեն իրականացրել էր վարչապետի վրա հարձակումը, ղեկավարել է Մուղնիե Մուստաֆայի զարմիկ Մուստաֆա Բադր ադ-Դին։
«Իրանի կարծիքով, Հարիրին Սաուդյան Սրաբիայի գործակալ էր, իսկ նրա սպանությունը պետք է նպաստեր «Հըզբոլահի» կողմից Լիբանանի կլանմանը»,- գրում է Newsmax-ը։
Որոշ տվյալներով, Լիբանանի վարչապետի սպանության հետեւում կանգնած են ոչ միայն Իրանն ու «Հըզբոլահը»։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը եւ նրա զարմիկ Ասեֆ Շաուկատը,ով զբաղեցնում է սիրիական հետախուզության ղեկավարի պաշտոնը, եւս կարեւոր դերակատարություն են ունեցել Հարիրիի սպանության պլանավորման հարցում։
Նշենք, որ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին եւ եւս 22 մարդ ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով Բեյրութում սպանվել էին 2005 թվականի փետրվարի 14-ին։ Այժմ երկրի կառավարությունը ղեկավարում է սպանվածի որդին՝ Սաադ Հարիրին, եւ «Հըզբոլահ» քաղաքական խմբակցությունը մտնում է կառավարող կոալիցիայի կազմի մեջ։





























